07/10/2015 13:35
Հ. Մարգարյան. Նախագծով Հայաստանը դառնում է ավելի շատ վարչապետական, քան` խորհրդարանական երկիր
Սահմանադրությամբ երկրի նախագահը, վարչապետը և ԱԺ նախագահը պետք է ունենան այնպիսի հարաբերություններ, որպեսզի հավասարակշռեն իրար, ինչը չկա ԱԺ կողմից ընդունված նախագծով: Այս մասին ասուլիսում հայտարարեց ՕԵԿ-խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ նշելով, որ այս նախագծով Հայաստանը դառնում է ավելի շատ վարչապետական, քան` խորհրդարանական երկիր.
«Բոլոր կարևոր որոշումները հենց վարչապետն է ընդունելու»,-մատնացույց արեց նա:
ՕԵԿ-ական պատգամավորը նաև մատնանշեց, որ նոր Սահմանադրությամբ քայլեր չեն ձեռնարկվում քաղաքական մենաշնորհը վերացնելու համար, ինչը անչափ կարևոր է Հայաստանի զարգացման համար:
«ՕԵԿ-ը չէր կարող կողմ քվեարկել փոփոխությունների այս նախագծին, քանի որ չէին ընդունվել մeր ներկայացրած բոլոր առաջարկությունները: Բայց քննարկումների արդյունքում մենք եկանք այն եզրակացությանը, որ չենք էլ կարող բոլորս դեմ քվեարկել, քանի որ մեր առաջարկություններից որոշներն ընդունվել են»,- պարզաբանեց Հ. Մարգարյանը:
Հիշեցնենք, նախագծի քվեարկությանը ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ու քարտուղար Մհեր Շահգելդյանը դեմ էին քվեարկել, իսկ ՕԵԿ-ական երեք պատգամավոր՝ ձեռնպահ: