07/10/2015 17:47
Շահգելդյանը` փոխվարչապետին. Եթե լինենք իրատեսական, պատկերն այնքան էլ բարվոք չի, ինչպես դուք եք ասում
Աղքատությունը դարձել է Հայաստանի լրջագույն խնդիրներից մեկը, բնակչության 32 տոկոսը` մոտ 900 հազար մարդ աղքատ է: Կա նաև թաքնված աղքատություն: Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը` հետաքրքրվելով, թե ի՞նչ գործողություններ են կատարվում և կատարվելու հաջորդիվ, որոնք կարող են փոխել վիճակը:
Արձագանքելով հարցին՝ ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը նշեց, որ եթե նայում ենք տնտեսական իրավիճակին, ապա տրանսֆերտների նվազումը մոտ 25 տոկոս է կազմում, իսկ տնտեսական ակտիվությունը հատկապես մարզերում ունի բավականին բարձր արդյունքներ: Այնպես որ՝ որոշակիորեն եկամուտների ավելացում տեղի ունեցել է և այս պահին ներկայացնել վիճակը օրհասական տեսակետից, ընդգծեց նա, շատ բարդ է ու պարզապես խտացնում է գույները.
«Տնտեսությունում խնդիրներ կան, բայց չնկատել հատկապես մարզերում տնտեսական աճը, տրանսֆերտների հոսքը և այլն, կարող է բերել եզրակացությունների, որոնք չեն համապատասխանում իրականությանը»,- հայտարարեց Վաչե Գաբրիելյանը:
«Այս տարի հիմնական շեշտը դնելով տնտեսական աճի, հատկապես գյուղատնտեսական աճի վրա, ամեն ինչ այսուհետ էլ արվելու է այդ վեկտորը բարձր պահելու համար»,- նշեց նա:
Մհեր Շահգելդյանը չհամաձայնեց, որ իր մեջբերված պատկերը նպատակ ունի օրհասական ցույց տալու իրավիճակը և խտացնելու գույները: Պատգամավորի խոսքով` ինքը պարզապես մեջբերեց պաշտոնական թվերը:
«Իսկապես եթե լինենք իրատեսական, ապա պատկերը այնքան էլ բարվոք չի, ինչպես դուք եք ասում»,- հակադարձեց Մ. Շահգելդյանը:
Վ.Գաբրիելյանն էլ ասաց, որ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ կերևա, թե ինչ է անում կառավարությունը ծրագիր առ ծրագիր: Բայց, հավաստիացրեց նա, հիմանական սոցիալական ծրագրերը շարունակվելու են անկախ բոլոր դժվարություններից.
«Հայաստանը համեմատաբար լավ դիրքում է, հատկապես եթե համեմատենք այն երկրների հետ, որոնք կախում ունեն ռուսական տնտեսական շուկայից»,- հավելեց նա: