07/10/2015 21:43
Շարմազանով. Ո ՞րն է Քոչարյանի թիմը, կա՞ կուսակցություն
Ո՞րն է իր թիմը, կա՞ կուսակցություն: Թիմ ասելով՝ ես հասկանում եմ քաղաքական կուսակցություն, ոչ թե ընկերական շրջապատ: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին շրջանառվող լուրերին, նրա` 2017 թ-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցության հավանականությանը: Շարմազանովը նաև շեշտեց` ՀՀԿ-ն վտանգներով ու վախերով չի առաջնորդվում:
«Մենք բաց քաղաքական մրցապայքարի կողմնակից ենք՝ առանց բացառության բոլոր քաղաքական դերակատարների հետ պատրաստ ենք ազատ մրցակցության դաշտում իրականացնել իրենց աշխատանքները»,- այնուհետ նշեց ՀՀԿ խոսնակը:
Ինչ վերաբերում է 2017 թ-ի ընտրություններին, ապա բանախոսի կարծիքով` դեռ ժամանակ կա, ամեն ինչ էլ կարող է լինել.
«Կապրենք, կտեսնենք, բայց մենք նման հարց չենք քննարկել, որովհետև նշած գործիչն ու քաղաքական թիմը այս պահին գոնե տեսանելի չեն»,- հավելեց Է. Շարմազանովը: