07/10/2015 09:32
Կրթության վարչության պետը սեփական կնոջն է պարգևի ներկայացրել
«Հրապարակում» կարդում ենք. «Լոռու մարզի կրթության համակարգի աշխատողներն այս օրերին իրար հանդիպելիս զվարճալի լուր են միմյանց փոխանցում. «Բա չեք ասի՝ կրթության վարչության պետ Մինասը կնոջը մեդալ է տվել»։
Բանն այն է, որ մարզպետարանի կրթության վարչության պետ Մինաս Սայադյանի կինը Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի տնօրեն Նարինե Սահակյանն է, ով նախօրեին՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ, որպես լավագույն մանկավարժ, կրթության և գիտության նախարարության հուշամեդալով է պարգևատրվել։
Ու թեև պարգևատրողն Արմեն Աշոտյանն է, իսկ Նարինե Սահակյանն էլ վաղուցվանից է տնօրեն աշխատում՝ անգամ այս պոստում փոխարինել է մորը, սակայն վանաձորցի մանկավարժներն առնվազն ծիծաղելի են համարում, որ կրթության վարչության պետը սեփական կնոջն է պարգևի ներկայացրել»։