07/10/2015 13:16
Ռուսական ինքնաթիռները ոչնչացրել են Սիրիայում ԻՊ-ի զինամթերքի գործարանը և գրոհայինների պատրաստման ճամբարը
Ռուսաստանի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են Դամասկոսի շրջանում «Իսլամական պետություն» խմբավորման զինամթերքի գործարանը և Իդլիբի շրջանում գրոհայինների պատրաստման ճամբարը։ Այս մասին հայտնում է ռուսական Газета-ն՝ մանրամասնելով, որ ռուսական ավիացիան հարվածներ է հասցրել սիրիական Դամասկոսի շրջանում մասնավորապես «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինամթերքի գործարանին:
«Ղուտայի շրջանի մոտակայքում СУ-24М ռմբակոծիչներով ոչնչացվել է ԻՊ խմբավորման համար զինամթերքի արտադրության գործարանը»,- հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, ով հայտնել է նաև, որ ռուսական ավիացիան Իդլիբի շրջանում ոչնչացրել է նաև «Իսլամական պետության» գրոհայինների պատրաստման ճամբարը։
Նրա խոսքով՝ Су-24 ինքնաթիռը ռմբակոծել է ահաբեկիչների մարզումների վայրը։ «Ահաբեկիչների պատրաստման համար նախատեսված մարզումների կենտրոնը ոչնչացվել է»,- նշել է Կոնաշենկովը։
Հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ, հոկտեմբերի 6-ին ռուսական ավիացիան հարվածներ է հասցրել «Իսլամական պետության» 12 օբյեկտների։ Ռմբակոծումներից մեկի հետևանքով, որոշ տվյալներով, տասնյակ գրոհայիններ են սպանվել: