07/10/2015 15:15
Վ. Բաբայան. ԲՀԿ-ական պատգամավորներն ամիսներ շարունակ որևէ կապ չեն ունեցել կուսակցության հետ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԲՀԿ խմբակցության այսօրվա նիստում որոշում է կայացվել միջազգային պատվիրակություններից հետ կանչել Էլինար Վարդանյանին ու Ստեփան Մարգարյանին: Այս որոշումը առաջացրել է պատգամավորների դժգոհությունը ու մեկնաբանվել որպես սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկությանը չմասնակցելու և դրան դեմ լինելու հետ կապված հաշվեհարդար: Սակայն Aysor.am-ի հետ զրույցում ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանն ասաց, որ մեկը մյուսի հետ կապ չունեցող գործընթացներ են:
«Ես ենթադրում էի, որ իրենք փորձելու են դա շահարկել, այդ իսկ պատճառով վստահաբար պնդում եմ, որ ոչ մի կապ չունի։ Իրենք «ոչ» չեն քվեարկել, այլ ընդամենը չեն մասնակցել նիստին, ու եթե փորձ արվի դա շահարկել, ապա շատ անլուրջ բան կստացվի»,- նախ ասաց Վ.Բաբայանը:
Նա հիշեցրեց, որ քվեարկությանը ներկա չի եղել նաև կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ինչպես նաև կուսակցության այլ անդամներ, ուստի բացարձակ անազնիվ է այս իրավիճակում սահմանադրական փոփոխությունների թեման շահարկելը:
«Խմբակցությունը քննարկել է սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկությունից բացակայած պատգամավորների հարցը և բոլորի՝ Նաիրա Զոհրաբյանի, Լյովա Խաչատրյանի, Վահան Կարապետյանի, Էլինար Վարդանյանի, Ստեփան Մարգարյանի ու Հայկ Խաչատրյանի բացակայությունները համարել ենք հարգելի։ Այնպես որ հարցը բոլորովին այլ է»,- ասաց Վահան Բաբայանը ու մատնանշեց, որ ամիսներ շարունակ Էլինար Վարդանյանն ու Ստեփան Մարգարյանը բոյկոտել են թե կուսակցության, թե խմբակցության աշխատանքներն ու լինելով առանցքային հանձնաժողովների նախագահներ՝ որևէ կապ չեն ունեցել կուսակցության հետ։ Եվ դժվար է պատկերացնել որևէ կուսակցության, որը ամիսներ շարունակ կհանդուրժեր նման իրավիճակ:
«Մենք ունենք մեր սկզբունքներն ու մեր դիրքորոշումը, գոյություն ունի կուսակցական և ֆրակցիոն կարգապահություն, որը պետք է հարգել»,- շեշտեց նա:
Ինչ վերաբերում է Է.Վարդանյանի և Ս.Մարգարյանի հետկանչին, ապա յուրաքանչյուր նստաշրջանի սկզբում խմբակցությունը վերանայում և փոխատեղում է կատարում պատվիրակություններում։ Վ.Բաբայանը տեղեկացրեց, որ Նաիրա Զոհրաբյանն էլ, օրինակ, այսօր դուրս է եկել Ֆրանկոֆոնիայի միջազգային վեհաժողովում պատվիրակության կազմից, իսկ առաջիկայում Սևծովյան տնտեսական համագործակցության վեհաժողովից դուրս կգա Միքայել Մելքումյանը:
«Սա միանգամայն բնական գործընթաց է՝ ռոտացիոն կարգով հնարավորություն տալ խմբակցության այլ անդամների ևս իրենց ուժերը փորձել այս կամ այն միջազգային հարթակում»,- պարզաբանեց նա։