08/10/2015 15:29
Ալեքսանդր Իսկանդարյան. Ռուս-թուրքական հարաբերությունները հնարավոր է վատթարանան
Սիրիան այլևս չի կարող վերականգնել այն վիճակը, որն ուներ մինչև ճգնաժամը ու թեև քարտեզի վրա այն կլինի միասնական պետություն, միևնույն է՝ կշարունակի լինել մասնատված: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նա ընդգծեց՝ Սիրիայում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակը շատ խճճված է և սա արդեն միայն նախագահ Բաշար Ալ Ասադի պայքարը չէ «Իսլամական պետության» դեմ:
« «Իսլամական պետությունը» պարզապես ահաբեկչական խմբավորում չէ: Այս դեպքում գործ ունենք միլիոնների աջակցության և լուրջ տարածքների հետ, հետևաբար հարցը միայն պատերազմական մեթոդներով լուծել չի լինի»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:
Անդրադառնալով Սիրիայում ստեղծված իրավիճակին Ռուսաստանի միջամտությանը՝ քաղաքագետը նկատեց, որ դա լրջորեն կարող է ազդել ռուս-թուրքական հարաբերություններին.
«Չի բացառում նաև, որ տեղի ունեցող վերադասավորումների հետևանքով թուրք-ռուսական հարաբերությունները կարճ ժամանակով վատթարանան»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը: