08/10/2015 18:00
Ախ, դուք այդ ի՞նչ լուրեր ունեք. Երգչուհի Էմմա Ասատրյանը երեկ կայացած ամուսնության և նոր գործունեության մասին
Այսօր համացանցում լուր տարածվեց, որ երգչուհի Էմմա Ասատրյանը երեկ պսակադրվել է դուդուկահար Էմմանուել Հովհաննիսյանի հետ: Aysor.am-ը շնորհավորելու և իսկությունը ճշտելու նպատակով կապ հաստատեց նրա հետ: Սակայն շնորհավորանքին ի պատասխան հնչեց երգչուհու զարմացած հարցը. «Ախ այդ ի՞նչ լուրեր ունեք դուք, ինձ համար անակնկալ էր… Շնորհակալ եմ ինձ անդրադառնալու համար, սակայն ես երբեք իմ անձնական կյանքի մասին չեմ խոսում: Իմ հարցազրույցները միայն երաժշտական գործունեությանն են վերաբերում»:
Ի դեպ, ըստ տեղեկությունների և համացանցում տեղ գտած լուսանկարների՝ հարսանյաց հանդեսին ներկա են եղել նաև երգիչներ Վարդան Բադալյանը, Գուրգեն Դաբաղյանը, դուդուկահար Կամո Սեյրանյանը: Նորահարսի զգեստի հեղինակն է եղել դիզայներ Ֆաինա Հարությունյանը:
Է. Ասատրյանը նշեց, որ այժմ ընթացքի մեջ է իր նոր աշխատանքը, որն, ըստ իր, մինչ այս եղած իր ամենալավ երաժշտական գործն է: «Իմ շատ լավ երաժշտական գործընկեր Մարտին Միրզոյանն այս անգամ շատ-շատ սպասեցրեց, արդեն մեկ տարուց ավել է, սպասում եմ նոր ստեղծագործության գործիքավորմանը: Երգը կոչվում է «Ապոկալիպսիս»: Խոսքերի և երաժշտության հեղինակն ինքս եմ: Այն հանդիսատեսի դատին կհանձնեմ հավանաբար մինչև տարեվերջ: Առաջ Աստված՝ կարծում եմ, այս երգը նաև տեսահոլովակ կունենա»,-եզրափակեց նորապսակ երգչուհին: