08/10/2015 18:13
Ն.Զոհրաբյանն ընդդեմ հանձնաժողովի. Գիր-ղուշի տարբերակով գործեր են նայում, որոշումներ են կայացնում
Հայաստանում չկա մի քրեակատարողական հիմնարկ, որի պետից սկսած մինչև վերջին կալանավորը Վաղաժամ պայմանական ազատման հանձնաժողովի աշխատանքից չբողոքի: Հանձնաժողովի ֆունկցիան բացարձակապես անհասկանալի է, ավելին՝ անառողջ կրքեր բորբոքելուց բացի այդ հանձնաժողովը որևէ օգտակար գործողության գործակից չունի: Այս մասին ԱԺ-ում, դիմելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ հետաքրքրվելով, թե արդյոք պաշտոնյան այն կարծիքին չէ, որ պետք է լուրջ հարց բարձրացվի այդ հանձնաժողովի ընդհանրապես կամ գոյության նպատակահարմարության վերաբերյալ, կամ ընդհանրապես հանձնաժողովի աշխատանքի գործիքակազմի մեխանիզմների փոփոխման վերաբերյալ:
«Քրեակատարողական հիմնարկի ղեկավարն անգամ ասում է, որ թող հանձնաժողովը չմտնի հիմնարկ, որովհետև ամեն դրա գալուց հետո ՔԿՀ-ում անառողջ մթնոլորտն ավելի է սրվում. Այսպես՝ գիր-ղուշի տարբերակով գործեր են նայում, որոշումներ են կայացնում և որպես կանոն առանց խորանալու կոնկրետ դեպքերի բովանդակության մեջ մերժում են.. ինչո՞ւ իզուր անառոջղ կրքեր բորբոքել»,- ասաց տիկին Զոհրաբյանը ու տեղեկացրեց նաև, որ թեև դա իր ոլորտը ու ֆունկցիան չէ, բայց հենց այսօր էլ չորս կալանավորից, այդ թվում և «մեզ և ձեզ հայտնի» ցմահ դատապարտյալ Ստեփանից զանգեր է ստանում նույն խնդրի վերաբերյալ.
«Այս հանձնաժողովը դեստրուկտիվ գործառույթ է իրականացնում: Ինչպես կարգավորենք, որ այդ հանձնաժողովը չաշխատի»,- հավելեց ԲՀԿ-ական Ն.Զոհրաբայնը:
ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանը հայտարարեց, որ լիարժեք կիսում է պատգամավորի մտահոգությունը այդ հանձնաժողովի գործունեության վերաբերյալ, չնայած համաձայն չէ Ն.Զոհրաբյանի «շատ ընդհանրական, սուր գնահատականների հետ».
«Ինձ համար միանշնական ասել, որ հանձնաժողովի բոլոր գործողություններն ու որոշումները լավը չեն եղել շատ կոպիտ կհնչեր ու կթվար, մի քիչ էլ անարդար, որովհետև որքան էլ ես էլ համաձայն եմ, որ այդ հանձնաժողովը բավականաչափ արդյունավետ չի գործել վերջին տասնամյակի ընթացքում, միևնույն է որոշակի դրական արդյունքներ այնուամենայնիվ ունեցել է»,- ասաց պաշտպանը՝ ընդգծելով, որ թե ինքն է հանձնաժողովի կազմից դուրս եկել, թե իր ներկայացուցիչներին է արգելել մասնակցել դրա նիստերին պաշտոնավարման հաջորդ ամսից սկսած հենց: Կ.Անդրեասյանի խոսքով՝ իրեն թվում էր, որ այդ դեմարշով նա որոշակի լիցք կհաղորդեր քննարկմանը, բայց իր հեռանալը բավականին աննկատ է անցել ու միայն դատապարտյալներն են նկատել , որ ՄԻՊ ներկայացուցիչն այլևս հանձնաժողովում չի:
«Ես համաձայն եմ, որ որոշակի որոշումների ծավալը եղել է անարդար: Մենք ունենք էջերով ուսումնասիրություն և ասելիք, օգնելիք: Եվ կարող ենք տրամադրել դա գործադիրին. Քաղաքական կամք է հարկավոր այդ լուծումները կյանքի կոչելու համար»,- հայտարարեց Կ.Անդրեասյանը՝ հրավիրելով նաև քաղաքական ուժեին այս հարցը քննարկել ու լուծումներ առաջարկել:
Ն.Զոհրաբյանն էլ արձագանքեց, որ իրենք սիրով ընդունում են այդ առաջարկը և անպայման կաշխատեն այն մեխանիզմների վրա, թե ինչ պետք է անի այդ հանձնաժողովը և ինչ չպետք է անի այն: