08/10/2015 16:55
Թեղուտ ՓԲԸ-ի կողմից փորձ է արվում ոչնչացնել մեր համայնքի ապագան. Բաց նամակ
Ծաղկաշատ համայնքի բնակիչները բաց նամակով դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և վարչապետ Հովիկ Աբրահամյանին:
Aysor.am-ի էլեկտրոնային փոստին ուղարկված նամակում համայնքի բնակչները գրել են.
«Ծաղկաշատ համայնքը հայտնի է իր անտառապատ և գեղատեսիլ վայրերով, անաղարտ բնությամբ, զարգացած անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ: Վերջին ժամանակներում արձանագրվել է նաև օտարերկրյա զբոսաշրջիկների մեծ հոսք: Համայնքում են գտնվում մեր հարազատների գերեզմանները, որի ուրացման դեպքում մենք դատապարտված ենք ոչնչացման: Չնայած նրան, որ Ծաղկաշատում առկա են բազմաթիվ սոցիալական խնդիրներ, համայնքի բնակիչներս ապրում և շարունակելու ենք ապրել, արարել, սերունդներ մեծացնել և հանգչել հայրենի բնօրրանում:
Ներկայում Թեղուտ ՓԲԸ-ի կողմից փորձ է արվում ոչնչացնել մեր սիրելի Ծաղկաշատի անցյալն ու ապագան, ինչը, նույնիսկ կյանքի գնով, մենք թույլ չենք տալու: Համայնքի բնակիչներիս 95%-ի կողմից կազմակերպել ենք ստորագրահավաք, որի համար ստորագրում ենք:
Մենք՝ Լոռու մարզի Ծաղկաշատ համայնքի բնակիչներս և Ծաղկաշատ համայնքի ղեկավարն ու ավագանու անդամներս դիմում ենք ձեզ՝ թույլ չտալու Թեղուտ ՓԲԸ-ի կողմից նախատեսվող ՙԾաղկաշատ-Ախետք հանքային դաշտի՚ ընդերքի ուսումնասիրության աշխատանքները կասեցնելու համար: Բաց նամակը կազմվել է համայնքի բնակիչների 95%-ի կողմից»: