08/10/2015 10:01
ՀՀԿ-ականը տեսել է՝ ինչպես է Սուրիկ Խաչատրյանը դաստիարակում որդուն
Սյունիքի մարզից ընտրված ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Գրիգորյանը վստահ է, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, իսկապես անմեղ է: ՀՀԿ-ական պատգամավորը «Ժողովուրդի» հետ զրույցում կարծիք է հայտնել, որ հանրությունն ու լրատվամիջոցները սիրում են ծաղկից ծաղկեփունջ սարքել, և ընդգծում, որ բոլորը չափից ավել են բևեռվել Սուրիկ Խաչատրյանի գործունեության վրա:
- Դուք համարվում եք Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի բարեկամը ու անձամբ ճանաչում եք նաև Տիգրան Խաչատրյանին, խնդրում եմ նշեք, ըստ Ձեզ՝ Տիգրան Խաչատրյանը կարո՞ղ էր մարդ սպանել կամ դաժանաբար ծեծի ենթարկել:
-Ես բազում անգամ ականատես եմ եղել, թե ինչպես է Սուրիկ Խաչատրյանը իր որդիներին դաստիարակչական խրատներ տալիս, բառերով մարդը բացատրում է, թե որն է ճիշտը, որն է սխալը, ես բազում նման փաստերի ականատես եմ եղել: Ուստի չեմ կարծում, որ ջարդել, փշրել նման բաների ընդունակ են իրանք: Ես այդ տեսակետին չեմ, ու դրանք իրականության հետ կապ չունեցող տեղեկություններ են:
-Այդ դեպքում ինչո՞ւ է Սուրիկ Խաչատրյանի որդին մշտապես հայտնվում սկանդալային պատմություններում:
-Ուղղակի ես մի բան ասեմ, այստեղ իր որդու խնդիրը չէ, ցանկացած մարդ, ես էլ տղա ունեմ, ես էլ եմ այդ տարիքը անցել ու, բնականաբար, լինում են ինչ-որ ընկերական հարաբերություններ, ինչ-որ վեճեր… ուղղակի քանի որ հանրության ու լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է գտնվում Սուրիկ Խաչատրյանը, ամեն անգամ թեկուզ մի ծաղկից սարքում են ծաղկեփունջ: Ընդամենը դա է իրականությունը, մարդիկ սիրում են խոսել մի պատմության մասին, հետո դա ուռճացնել: