08/10/2015 14:16
Կառավարությունը հույսը դրել է Որոտանի գործարքի վրա
Ինչպես ավելի վաղ գրել էինք՝ Կառավարությունն իր այսօրվա նիստում հավանության արժանացրեց ներդրումային քաղաքականության հայեցակարգը, որն ուժի մեջ է մտել արդեն այսօրվանից և որի առաջին ու կարևոր սկզբունքը «բաց դռների» քաղաքականությունն է: Ըստ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի՝ սա այն քաղաքականությունն է, որն իրականացվում է, բայց փաստաթղթային առումով երբեք ֆիքսվել:
«Հայեցակարգով կառավարությունն առանձնահատուկ պայմաններով խրախուսելու է սփյուռքահայ գործարարների ներդրումները: Կարևորվում է ներդրումների ներգրավումը հատկապես գիտելիքահեն ու նորարարության ոլորտներում»,- ասուլիսում մանրամասներ ներկայացրեց Կ.Ճշմարիտյանը:
Ներկայացնելով ընդհանուր վիճակագրությունը ու այն, որ ամբողջ աշխարհում նախորդ տարվանից ներդրումները նվազել են, Էկոնոմիկայի նախարարն ասաց, որ Հայաստանում 2015թ-ի առաջին 6 ամիսներին ընդհանուր ներդրումներն աճել են 4.7 մլրդ դրամով: Ճիշտ է, նվազել են օտարերկրյա ուղղակի ներդրումները, բայց դրանք ընդամենը մի տարրն են հանդիսանում ընդհանուր ներդրումների.
«Հույս ունենք՝ Որոտանի գործարքի իրականացումից հետո ուղղակի ներդրումների մասով բացը կլրացվի»,- ասաց նա: