08/10/2015 11:20
Վարչապետ. Ես խնդրում եմ լինեք ակտիվ, որ վաղը չասեք` չնկատեցինք, չքննարկեցինք
Հանձնարարում եմ Էկոնոմիկայի, Գյուղատնտեսության, Բնապահպանության, Կրթության և գիտության նախարարություններին մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնել ժամանակացույց հարկային օրենսգրքի քննարկումների վերաբերյալ: Այս մասին Կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի կողմից հարկային նոր օրենսգրքի նախագիծը ներկայացնելուց հետո:
Հ. Աբրահամյանի խոսքով` նոր օրենսգիրքը երկարատև քրտնաջան աշխատանքի արդյունք է.
«Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է իր տեսլականը` համադրելով և համակարգելով հարկերի հաշվառման, հաշվարկման և վճարման պրակտիկան տարբեր հարկերի մասով, ինչպես նաև՝ միասնականացրել է բազմաթիվ սկզբունքներ»,- նշեց նա:
Կարևորելով նախագիծը՝ վարչապետը հայտարարեց, որ մինչև այս տարեվերջ քննարկումներն ու ձևակերպումները պետք է ավարտվեն, իսկ 2016 թ-ին այն կուղարկվի Ազգային Ժողով.
«Ես խնդրում եմ լինեք ակտիվ, որ վաղը չասեք` չնկատեցինք, չքննարկեցինք»,- հորդորեց վարչապետը:
Նշենք, որ հարկային նոր օրենսգրքի մշակման համար ֆինանսական աջակցություն է ցուցաբերել ԱՄՆ զարգացման գործակալությանը՝ USAID-ն։ Միջազգային կառույցները պահանջ են դրել, որ նոր օրենսգիրքը լինի հնարավորինս պարզ, տարընթերցումների տեղիք չտա։