08/10/2015 12:10
Վարչապետը նյարդայնացավ. Այդ ինչի՞ տենց ոգևորվեցիք
Կառավարության նիստում այսօր հավանության արժանացավ ներդրումային քաղաքականության հայեցակարգը և դրանից բխող միջոցառումների ժամանակացույցը: Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը մասնավորապես ասաց, որ հայեցակարգը ներդրումային ոլորտում բաց դռների քաղաքականությանն է ուղղված և առաջարկում է ազատականացում օտարերկյա ներդրողների համար: Ըստ նախարարի` կարևորվում է այն հանգամանքը, որ միջոցառումները համահուչ պետք է լինեն այլ ոլորտներում իրականացվող քաղաքականությանը.
«Առաջնային է առևտրային քաղաքականությունը»,- ասաց Կ.Ճշմարիտյանն ու մասնավորեցրեց, որ ներդրումներին նպաստող առաջին բլոկը առևտրի պարզեցումն է, նպատակային առևտրային քաղաքականակության իրականացումը, իսկ երկրորոդ բլոկում մրցունակ միջավայր ստեղծելն ու պահպանելն է, անտեղի սահմանափակումներից խուսափելը: Երրորդը բլոկում ներկառված է հարկային քաղաքականությունը, այնուհետ` կանաչ զարգացում մոտեցումը, այսինքն` էկոլոգիապես անվտանգ երկիրը գրավիչ է ներդրումների համար:
«Բարեփոխումների ուղղությունները հետևյալն են՝ կատարելոգործել ներդրումային քաղաքականության կարևորագույն տարրերը, ապահովել առավելագուն արդյունավետություն և համապատասխան միջավայրի ստեղծում արդյունավետության բարձրացման համար»:
Կ. Ճշմարիտյանի ելույթին զուգահեռ կաբինետի որոշ անդամներ ծիծաղում էին, ինչը դուր չեկավ վարչապետ Հովիկ Աբրահամյանին.
«Այդ ինչի՞ տենց ոգևորվեցիք, լավ բաներ է ասում դրա համա՞ր, թե հավատ չի ներշնչում: Ո՞րն է պատճառը»,- ասաց վարչապետը ու հավելեց, որ կարծում է, որ պարոն Ճշմարիտյանի ասածը լիովին հիմնավոր էր.
«Եթե որոշ մարդկանց դա դուր չի գալիս, դա իրենց ներքին և արտաքին խնդիրն է»,- շեշտեց Հովիկ Աբրահամյանը: