08/10/2015 13:14
Արամ Մանուկյանը՝ Ռուբեն Ջաղինյանին. Դուք դրա մեղավորը չեք, ոչ էլ մասնագետն եք
«Դուք լավ հեռուստաընկերություն եք, բայց հանրային չեք, այստեղ հանրային կարծիք չի արտահայտվում»,- Հանրային հեռուստաընկերության գործունեությանն անդրադառնալով՝ ԱԺ-ում քիչ առաջ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
«Մենք՝ հանրությունն ուրիշ աշխարհում ենք ապրում, դուք՝ ուրիշ: Դուք պիտի անաչառ ինֆորմացիա տաք, բայց դա չեք տալիս: ՀՀ-ից արտագաղթում են, փոքր ձեռնարկությունները փակվում են, ռեպորտաժ պատրաստեք Բագրատաշենի անցակետից, թե մարդիկ ինչու են իրենց գործունեությունը դադարեցնում Հայաստանում և արտագաղթում: Դրա մասին խոսեք, բայց ձեզ թույլ տրված չէ ազատ խոսել»,- ասաց Արամ Մանուկյանը՝ դիմելով ՀՌԱՀ խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանին
Պատգամավորի խոսքով՝ նա նույնիսկ չի տիրապետութում թվերին. «Ձեր ներկայացրած թվերը չեն համապատասխանում իրականությանը: Մշակույթը ձեզ մոտ ավելացել է, իսկ քաղաքական մասը՝ պակասել: Արտասահմանում ավելի շատ տալիս եք քաղաքական հաղորդումներ, իսկ երկրի ներսում՝ 5 անգամ ավելի շատ մշակութային: Հաճախ ձեր հաղորդումներում խոսում եք պրիմիտիվիզմի լեզվով: Քարոզի դաշտը լուրջ դաշտ է, սակայն դուք չեք տիրապետում դրան: Ես շատ լավ հասկանում եմ, որ սա ձեր խոհանոցը չէ, սա եփվում է Բաղրամյանում և դուք դրա մեղավորը չեք, ոչ էլ մասնագետն եք»: