08/10/2015 18:47
Եսայան. Հայաստանի պատմության մեջ նման ներկայացուցչական մեծ վեհաժողով երբևէ տեղի չի ունեցել
Հոկտեմբերի 9-11-ը Հայաստանում են գտնվելու շուրջ 500 պատվիրակներ աշխարհի 80 երկրներից` 5 մայրցամաքներից, որոնք ներկայացնում են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը: Այդ առիթով Հայաստան կայցելի նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միքայել Ժանը, ով, ամենայն հավանականությամբ, կհյուրընկալվի նաև խորհրդարանում: Այս մասին այսօր ասուլիսում լրագրողներին տեղեկացրեց Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը:
Նրա խոսքով, անկախ Հայաստանի պատմության մեջ նման ներկայացուցչական մեծ վեհաժողով երբևէ տեղի չի ունեցել: Պատգամավորը կարևորեց, որ համաժողովն անցկացվում է Երևանում ու հատկապես 2015 թվականին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ընթացքում:
«Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն այն կազմակերպությունն է, որտեղ երկու անգամ ընդունվել է բանաձև, ըստ որի ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների մակարդակով իրենց լիակատար աջակցությունն են ցուցաբերում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին, ինչը և համընկնում է մեր երկրի դիրքորոշմանը: Մեր դիվանագիտության հետևողական գործունեության շնորհիվ բանաձևերն ընդունվեցին այն պայմաններում, երբ կազմակերպությանն անդամակցում են բազմաթիվ երկրներ, որոնք անդամ են նաև Իսլամական համագործակցության կազմակերպությունը և Չմիավորված երկրների շարժումը: Փաստորեն, ֆրանկոֆոնիայի շրջանակներում նրանք ևս արտահայտեցին մի դիրքորոշում, որը լիովին արտացոլում է մեր երկրի մոտեցումը: Սա և այլ քայլեր ևս համարում եմ մեր երկրի արտաքին քաղաքականության հաղթանակներ»,-ԱԺ պաշտոնական կայքի փոխանցմամբ ասել է պատվիրակության ղեկավարը:
Մ.Եսայանը նաև նկատել է, որ վեհաժողովը Հայաստանի համար շահավետ կլինի նաև ֆինանսական և զբոսաշրջային տեսանկյունից: