08/10/2015 14:27
Ն.Զոհրաբյանն ահազանգում է. Քարոզչական պատերազմում չենք հասցնում ադրբեջանցիների ռեսուրսների հետևից
Միջազգային հարթակներում Հայաստանից մեկնած լրագրողներ պետք է լինեն: Մասնավորապես ԵԽԽՎ-ում ընթանում է դիվանագիտական մակարդակի պատերազմ և այդտեղ Հայաստանը պարտվում է: Այս մասին Հանրային հեռուստառադիոընկերության 2014թվականի հաշվետվության ներկայացման ժամանակ ԱԺ-ում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
«Այդ հարթակներում լրջագույն խնդիր ունենք, թիրախի տակ են մեր կենսական շահերը՝ Լեռնային Ղարաբաղ, հայ-թուրքական հարաբերություններ և այլն, ու մենք քայլում ենք ականների վրա բոբիկ ոտքերով, երբ տեսնում ենք, թե ադրբեջանական պատվիրակությունը զինված՝ տասը հեռուստատեսությամբ, գալիս է: Չենք հասցնում քարոզչական պատերազմում հասնել նրանց ռեսուրսների հետևից»,- հայտարարեց Ն.Զոհրաբյանը՝ շեշտելով, որ ադրբեջանական տոտալ հակահայ քաղաքականությանն անհրաժեշտ է համարժեք օպերատիվ հակահարված տալ:
Այնուհետ պատգամավորը հորդորեց այդ կառույցներում ու մասնավորապես ԵԱՀԿ-ում, ՀԱՊԿ-ում, ԵԽԽՎ-ում , որի պատվիրակության կազմում է նա ընդգրկված, չխնայել գումար ու լուսաբանելու ուղարկել գոնե մեկ լրագրողի, որպեսզի իրենք ստիպված չլինեն իրենց ունեցած խեղճ հնարավորություններով հետհայաց արձագանք տալ ադրբեջանական ագրեսիվ, կազմակերպված քարոզչությանը.
«Այդ հարթակում կորուստներ չպիտի լինեն»,- հավելեց նա: