08/10/2015 11:39
Նպաստառուները զրկվեցին 2000 դրամից
Կառավարությունն այսօր որոշում կայացրեց չեղյալ հայտարարել 2000 դրամով նպաստների ավելացման իր որոշումը, որը պայմանավորված էր էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմամբ: Սա միտված էր լինելու մեղմելու անապահով ընտանիքների ֆինանսական բեռը, եթե հոսանքը թանկանար: Ներկայացնելով հունիսին գործադիրի կողմից ընդունված որոշման մեջ կատարված փոփոխությունը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը սա հիմնավորեց այն հանգամանքով, որ օգոստոսի մեկով, փաստորեն, սակագինը չի թանկացել:
Արձագանքելով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց.
«Քանի որ ընդլայնում ենք այս ցանկը` 604 հազար ընտանիքի սուբսիդավորում ենք, ապա այս որոշումը չեղյալ ենք համարում»,- ասաց ՀՀ վարչապետը:
Ըստ որոշման` Հայաստանի Հանրապետությունում 2015 թվականի օգոստոսի 1-ից նախատեսվում էր էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում 6.93 դրամով: Բնակչության սոցիալական վիճակը մեղմելու նպատակով ՀՀ կառավարությունը 2015 թվականի հունիսի 25-ի նիստի օրակարգային 42-րդ հարցով քննարկեց և հավանության արժանացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի N 19-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, համաձայն որի 2000 դրամով բարձացվելու էր ընտանեկան և սոցիալական նպաստների բազային չափը: Սակայն, սակագնի բարձրացում 2015-ի օգոստոսի 1-ից տեղի չունեցավ, և ըստ էության նախագծի ընդունումը չիրագործվեց: