08/10/2015 15:56
ՀՀԿ-ականը՝ Զ. Փոստանջյանին. Այստեղ քիչ առաջ ելույթ էր ունենում մենաստանի տիրուհին
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ Հ1-ով ընթանում է իդիոտացման գործընթաց. Հանրային հեռուստաընկերությունը, ըստ նրա, զբաղվում է մարդկանց «իդիոտացնելով»՝ քաղաքականությունից հեռու պահելով։
Արձագանքելով այս ելույթին՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նախ ասաց, որ «իդիոտի» հայերեն հոմանիշը «ապուշն» է, որը բաղկացած է «ապ» ժխտական նախածանցից և «ուշ» վերջածանցից և նշանակում է անուշադիր:
«Ցավում եմ, որ մեր ընդդիմադիր գործիչները լավ չեն ունկնդրում Հանրայինը, որովհետև ՀՀԿ-ականները բողոքում են, որ ամբողջ եթերը ողողված է ընդդիմադիրներով: Ես էլ նրանց ասում եմ, որ պետք է, հակառակը, իրենց լավ զգան, քանի որ մեր գործը իրենք են կատարում, երբ երևում են, իսկ մեզ քիչ բան է մնում»,– նշեց ՀՀԿ-ական գործիչը:
Վ. Բաղդասարյանի հակադարձումներում անմասն չմնաց նաև «Ժառանգության» անդամ Զարուհի Փոստանջյանը, ով ավելի վաղ ունեցած իր ելույթը նվիրել էր սահմանադրական փոփոխություններին.
«Այստեղ քիչ առաջ ելույթ էր ունենում մենաստանի տիրուհին ….Գիտեք, մենք ցանկանում ենք, որ հանրությունը տեսնի այդ ելույթը, որ այն անպայման հեռարձակվի, որ մարդիկ հասկանան, թե ում են ուղարկել Ազգային ժողով»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այդպես, անշուշտ, հեռուստաընկերության ռեյտինգը կընկնի, բայց և խնդրեց, որ ավելի շատ լուսաբանեն՝«որ մենք քիչ անելիք ունենանք»: