09/10/2015 09:34
«Աշտարակ Կաթը» դեռևս չի վճարել գյուղացիների պարտքը
«Աշտարակ կաթ» ընկերությունն արդեն չորս ամիս է, ինչ գյուղացիներին չի վճարում կաթի մթերման գումարները. Ընկերությունը պարտք է Գեղարքունիքի մարզի Վահան, Ճամբարակ, Գետիկ, Մարտունի, Թթուջուր, Լոռու մարզի Պրիվոլնոյե և Գարգառ գյուղերի բնակիչներին:
Սակայն չնայած այս հանգամանքին՝ նշված համայնքների բնակիչները ստիպված կրկին կաթ են վաճառում «Աշտարակ կաթ» ընկերությանը:
«Ժողովուրդի» հետ զրույցում ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանը, անդրադառնալով «Աշտարակ կաթ» ընկերության և գյուղացիների միջև առաջացած կոնֆլիկտին, նշել է, որ «Աշտարակ կաթ» ընկերության հետ կապված կաթի մթերման խնդիրը շարունակում է մնալ օրակարգային: Նրա խոսքով՝ ընկերությունը պարտք է ՀՀ Լոռու մարզի Պրիվոլնոյե, Գարգառ և Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանի գյուղերի բնակիչներին:
«Այս հարցի լուծման նպատակով անձամբ եմ եղել «Աշտարակ կաթ» ընկերությունում. Խնդիրը քննարկել ենք տնօրինության հետ, տնօրենը միջոցներ է ձեռնարկել և հիմա փորձում է որոշ չափով գումարները հետ վերադարձնել: Նա խոստացել է այս հարցը հնարավորինս արագ կարգավորել»,- թերթի հետ զրույցում ասել է փոխնախարարը: