09/10/2015 11:39
Ա.Վարդանյան. ՀՅԴ-ն որևէ մեկի հետ չի միավորվելու, ունենալու է առանձին «Այո»-ի շտաբ
Մենք կողմնակից ենք, որ նոր Սահմանադրության քարոզարշավը լինի երկու կողմերի համար էլ` և «Այո»-ի, և «Ոչ»ի համար հավասար: Հանրաքվեն պետք է անցկացվի արդար, թափանցիկ, վստահության մթնոլորտում: Այս մասին ԱԺ ճեպազրույցներում հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` արձագանքելով հարցին, թե իշխանությունն ունի՞ կամք՝ ազատ, արդար և թափանցիկ հանրաքվե անցկացնելու համար:
«Ես վստահ եմ, որ կլինեն մարդիկ, որոնք կասեն, թե արդար ու թափանցիկ հանրաքվեն չի եղել, բայց մենք ամեն ինչ անելու ենք, որ այդպես լինի: Բացի այդ, անընդհատ հետապնդելու ենք իշխող մեծամասնությանը, որպեսզի այդպես լինի»,- շեշտեց նա:
Քարոզարշավի ընթացքում ՀՅԴ-ն շարունակելու է հանդիպումները տարածքային կառույցներում, այս պահի դրությամբ ՀՅԴ-ին մնացել է հանդիպումներ ունենալ Տավուշում և Սյունիքում: Ինչ վերաբերում է քարոզարշավին իրենց մասնակցությանը, ապա.
«Մենք առնվազն մեր առանձին «Այո»-ի շտաբն ենք ստեղծելու, որևէ մեկի հետ չենք միավորվելու, քանի որ ունենք մեր ամբողջական փաստարկները»:
Հիշեցնենք, հանրաքվեն անցկացվելու է դեկտեմբերի 6-ին, այսպիսով այսօրվանից մեկնարկել է քարոզարշավը: