09/10/2015 12:00
ՀՅԴ-ական. Վստահ ենք, որ հաջորդ խորհրդարանում ունենալու ենք շատ ավելի մեծ ներկայացվածություն
«Ցանկացած քաղաքական ուժ միշտ հույս ունի ու աշխատում է, որ խորհրդարանում լինի մեծամասնություն: Բայց մենք չենք միանալու որևէ ուժի, որովհետև մենք գտնում ենք, որ այս հարցում մենք մեր ճշմարտությունն ենք առաջ տանելու, ինչպես արել ենք մինչև հիմա»,- արձագանքելով հարցին, թե ինչո՞ւ ՀՅԴ-ն չի միանալու որևէ այլ ուժի, չի ձևավորելու «Այո»-ի միասնական շտաբ, ԱԺ ճեպազրույցներում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
«Դաշնակցությունը այս հարցում երբեք չի շեղվել, հետևողական է եղել, ու երբ եղել ենք Քառյակում, այն ժամանակ ևս հայտարարել ենք, որ խորհրդարանական համակարգին անցնելը մեզ համար կարևոր է»,- նշեց նա:
Հանրաքվեին ընդառաջ ՀՅԴ-ն շատ անելիք ունի, բայց միայնակ.
«Մեր փաստարկները, մեր համոզումները որակապես տարբերվում են մյուսների «Այո»-ներից»:
Ըստ Դաշնակցության ներկայացուցչի` այս Սահմանադրությունը մի քանի քայլ առաջ է նախկինից և քարոզչության ընթացքում քաղաքացիներին կհամոզեն ու կապացուցեն, որ «Այո»-ն ճիշտ է գործող արատավոր երևույթների գերակշիռ մասը վերացնելու համար:
Իսկ հանրաքվեի բարով-խերով անցկացումից հետո ՀՅԴ-ի համար կարևորագույն հարց է լինելու Ընտրական օրենսգրքի փոփոխությունը.
«Մենք վստահ ենք, որ հաջորդ խորհրդարանում մենք ունենալու ենք շատ ավելի մեծ ներկայացվածություն: Ես վստահ եմ, որ այն հետևողականությունը, սկզբունքայնությունը, որ ունենք, ի վերջո ՀՅԴ-ն բերելու է ամենամեծ դերակատարության»,- հավելեց Աղվան Վարդանյանը` հույս հայտնելով, որ Դաշնակցությունը կգա իշխանության: