09/10/2015 12:44
Վ. Էնֆիաջյան. Այս գործընթացը որևէ կերպ Ռոբերտ Քոչարյանի հետ կապ չունի
«Այս գործընթացը որևէ կերպ Ռոբերտ Քոչարյանի հետ կապ չունի: Եվս մեկ անգամ պարզաբանում ենք` ամիսներ շարունակ տիկին Վարդանյանի կողմից եղել է բավականաչափ պասիվ գործունեություն: Դա է եղել հիմնական պատճառը, որպեսզի նման որոշման գա ԲՀԿ տարածքային մարմինը»,- ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանը ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը` անդրադառնալով շրջանառվող այն լուրերին, թե Էլինար Վարդանյանին կուսակցությունից հեռացնելու որոշումը կապ ունի այն քաղաքականության հետ, որ ԲՀԿ-ից հեռացվում է քոչարյանական թևը:
«Դուք նորմա՞լ եք համարում, երբ կուսակցական գործիչը մեկնում է աշխատանքային գործուղման, բայց այդ մասին տեղյակ չի պահում կուսակցության ղեկավարին»,- ասաց պատգամավորը` պարզաբանելով, թե ինչ ասել է կուսակցական կարգապահության խախտում:
Վահե Էնֆիաջյանը շեշտեց նաև, որ իրենց գործընկերները իրենք էլ լավագույնս պետք է կողմնորոշվեն և եթե այլ ծրագրեր ունեն, ապա շատ ավելի ազնիվ կլիներ, երբ այդ ամենը հստակեցնեին.
«Շատ ազնիվ եմ համարում Տիգրան Ուրիխանյանի գալը, հիմնավորելն ու դեմ քվեարկելը»,- ասաց նա` ընդգծելով նաև, որ մնացած ԲՀԿ-ական պատգամավորների բացակայությունը նոր Սահմանադրության քվեարկությունից հարգելի է ճանաչվել: Բայց ինչ վերաբերում է ԲՀԿ խմբակցության անդամ Գագիկ Ծառուկյանի բացակայությանը և հարցին, թե արդյոք այն ևս հարգելի է ճանաչվել, Վ.Էնֆիաջյանը հորդորեց հարցով դիմել Գ. Ծառուկյանի մամուլի խոսնակին: