09/10/2015 14:46
Ջիանի Բուքիքիո. Մենք ներկայացրինք մեր գնահատականը, հերթը հայ հասարակությանն է
Վենետիկի հանձնաժողովի կարծիքներն ու առաջարկությունները պարտադիր չեն և խորհրդատվական բնույթ են կրում: Հայաստանից խնդրել էին գնահատական ներկայացնել գործընթացին ու Սահմանադրական փոփոխությունների նախագծին, մենք դա կատարեցինք, խոսքը պատկանում է հայ հասարակությանը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն:
Վենետիկի հանձնաժողովի համար, շարունակեց խոսքը նա, կարևոր է, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացը համահունչ լինի եվրոպական ստանդարտներին:
Դիտարկմանը, թե Հայաստանում արմատական ընդդիմությունը, Հայաստանի նախկին երկու նախագահները դեմ են Սահմանադրության փոփոխությունների նախագծին, Ջիանի Բուքիքիոն ասաց, որ Հայաստանի Սահմանադրական զարգացումներին հետևել է շատ հին ժամանակներից, նախկինում հանդիպել է թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանին. 2003-ին, երբ նախաձեռնվել էին Սահմանադրական բարեփոխումներ:
«Այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում էր կառավարման համակարգի մոդել ընտրել կիսանախագահականը, մինչդեռ ընդդիմության ներկայացուցիչները ընդդիմանում էին և ցանկանում էին, որ Հայաստանում խորհրդարանական համակարգ ներդրվի: Այն ժամանակ տեղի ունեցավ հանրաքվե, բայց բարեփոխումներ տեղի չունեցան, չստացվեց: Հետագայում մեզ հետ համագործակցություն տեղի ունեցավ ավելի արդյունավետ մակարդակի վրա և փոփոխություններ տեղի ունեցան, որը բավականին լավ քայլ էր դեպի ժողովրդավարություն: 2013-ին ևս եղավ բարեփոխումների նոր նախաձեռնություն: Բոլո երկրներում, այդ թվում Հայաստանում, լինելու են կողմ և դեմ կարծիքներ, մեզ համար կարևոր է, որ գործընթացը լինի միջազգային ստանդարտներին համահունչ, և ես հույս ունեմ, որ Հայաստանում ժողովրդավարությունը շատ ավելի լավ կլինի մոտ ժամանակներս»,- ասաց նա:
Ջիանի Բուքիքիոյի խոսքով՝ կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանական համակարգին անցումն ի վերջո որոշակի գործընթացներ ենթադրում է. «Խորհրդարանում մեծամասնությունը և համամասնական ընտրակարգով ընտրությունների անցկացումը հենց երաշխիք է, որ կիսանախագահականից խորհրդարանական համակարգին անցումը անվտանգ ապահովվի»: