09/10/2015 17:29
Նոր անուն՝ շուկայում. «Ալյանսը» թռիչքներ կսկսի իրականացնել արդեն մարտից
Հայաստանյան շուկայում նոր ավիաընկերություն է հայտնվել, որը չվերթներ կսկսի իրականացնել արդեն 2016թ-ի մարտից: Լրագրողների հետ հանդիպմանը «Ալյանս» ավիաընկերության հիմնադիր տնօրեն Արարատ Սարգսյանն ասաց, որ լիզինգով արդեն ձեռք են բերել երկու Sukhoi Superjet-100 (SSJ-100), որոնք ներկայումս գտնվում են մերձմեսկովյան Ժուկովսկիում, իսկ 2017թ-ին ծրագրում են ինքնաթիռային պարկը հասցնել 6 ինքնաթիռի:
«Թռիչքները կսկսենք իրականացնել 2016թ-ի մարտի 27-ից: Նախնական կատարելու ենք չվերթներ հետևյալ ուղղությամբ՝ Երևան-Մոսկվա, Երևան-Բեյրութ, Երևան-Թեհրան: Հետագայում չվերթներ կունենանք դեպի Ռուսաստանի այլ քաղաքներ, ինչպես նաև Աշքաբադ»,- տեղեկացրեց տնօրենը:
Ի դեպ, թե ինքը, թե ավիաընկերության անձնակազմի 14 անդամներ նախկինում աշխատել են «Արմավիայում»:
Ինչ վերաբերում է ընկերության ներդրողներին, ապա նրանց անունները Ա.Սարգսյանը չհնչեցրեց, նշեց միայն, որ նրանք ՌԴ-ից են: