09/10/2015 20:09
Ա. Մարտիրոսյանը հավատում է Հայաստանի լավ ապագային. Բա «Նոր Հայաստանի՞ն»
Երկուշաբթի օրը կկայանա Րաֆֆի Հովհաննիսյանի և Ժիրայր Սեֆիլյանի ասուլիսը, որը նվիրված է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի մեկնարկին: Aysor.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ այնտեղ, որտեղ կա Րաֆֆի Հովհաննիսյանը, կա նաև «Ժառանգությունը», որը ողջ ծավալով աջակցելու է այդ միավորին.
«Րաֆֆի Հովհաննիսյանի այսօրվա հայտարարության մեջ ասված էր, որ իր կողմից ստեղծած բոլոր հանրակարգերը, իսկ դրանցից մեկը «Ժառանգությունն» է, ամբողջ ծավալով աջակցելու են այդ ճակատին»,- ասաց նա:
Պայքարի այդ ճակատ «Ժառանգությունը», ըստ Ա.Մարտիրոսյանի, վաղուց է մտել, ուղղակի մինչ այս այն հասունացման ճանապարհին էր: Միևնույն ժամանակ Արմեն Մարտիրոսյանը չբացեց փակագծերը, թե ինչ միջոցառումներ են լինելու պայքարի այս ճանապարհին, հատկապես եթե հաշվի առնենք, որ հանրաքվեի օրը արդեն հայտնի է և դրան այնքան էլ շատ ժամանակ չի մնացել.
«Ընթացքում բոլոր միջոցառումների մասին տեղյակ կպահվի: «Նոր Հայաստանի» խորհուրդը կքննարկի բոլոր քայլերը, որոշումներ կկայացնի, այնպես որ այս պահին չեմ կարող որևէ հստակ բան ասել այս կապակցությամբ»,- շեշտեց մեր զրուցակիցը:
Վերջին հարցը՝ հավատո՞ւմ է հաղթանակին.
«Ես հավատում եմ Հայաստանի լավ ապագային»,- եղավ կուսակցության փոխնախագահի ավելի ընդհանրական պատասխանը:
Հիշեցնենք, նախօրեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նշանակել 2015 թվականի դեկտեմբերի 6-ին: