09/10/2015 14:25
Հանրապետությունում սպասվում է ցրտահարություն. ՏԿԱԻՆ
Պայմանավորված եղանակի պարզեցմամբ ու հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ հոկտեմբերի 10-ի լույս 11-ին գիշերային ժամերին սպասվում է ջերմաստիճանի անկում՝ 4-5 աստիճանով։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Նրա խոսքով՝ լեռնային մի շարք շրջաններում կա ցրտահարության վտանգ։
«Խոսքը հիմնականում վերաբերում է Շիրակին, Լոռվա մարզին, Արագածոտնի լեռներին, Կոտայքի լեռնային շրջաններին և Գեղարքունիքին։ Հատկապես խոցելի կլինեն Շիրակի մարզում՝ Աշոցքի ու Ամասիայի հատվածը, Արթիկ, Մարալիկ հատվածը և հարակից գյուղերը, Լոռվա մարզում՝ Տաշիրը, Ստեփանավանը և հարակից տարածքները»,- ասաց նա։
Շարունակելով խոսքը՝ հոկտեմբերի 11-ին և 12-ին հանրապետության ողջ տարածքում կդիտվի առանց տեղումների եղանակ։
«Հոկտեմբերի 12-ին օդային հոսանքները կփոխեն իրենց ուղղությունը և հյուսիս-արևմտյանից կդառնան հարավ-արևմտյան։ Հանրապետություն կներթափանցեն տաք օդային հոսանքներ. հոկտեմբերի 12-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով»,- ասաց նա՝ ավելացնելով, որ կլինի մոտ 23-24 աստիճան տաքություն, որը, սակայն, երկար չի տևի. «Հոկտեմբերի 13-ին արդեն հանրապետություն է մտնելու միջերկրածովյան հաջորդ ցիկլոնը, որը բավականին տեղումնաբեր է լինելու»։
Նրա խոսքով՝ հոկտեմբերի 13-ին, 14-ին և 15-ին սպասվում են տեղումներ, ամպրոպ, քամու ուժգնացում։
Հոկտեմբերի երրորդ տասնօրյակում տեղումների քանակը կլինի ավելի քիչ։