09/10/2015 16:04
«Գազպրոմ» ընկերությունը մերժել է թուրքական կողմի դիմումը
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը մերժել է թուրքական կողմի դիմումը՝ տարեկան 3 միլիարդ խորանարդ մետր գազը «Երկնագույն հոսքով» մատակարարելու վերաբերյալ և հայտնել, որ գազը կմատակարարվի «Թուրքական հոսքի» միջոցով: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը:
«Դիտարկվում են տարբեր տարբերակներ: Դեռևս վերջնական որոշումներ չեն կայացվել: Սակայն պահանջվող 3 միլիարդ խորանարդ մետրից առնվազն երկուսը կմատակարարվեն «Թուրքական հոսքով» ,- ՄԻլլերի խոսքերն է մեջբերում ռուսական ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ «Թուրքական հոսք» գազատարի կառուցման որոշումը կայացվել է դեռևս նախորդ տարվա դեկտեմբեր ամսին՝ կապված Թուրքիայում ռուսական գազի պահանջարկի մեծացմամբ: Այժմ ռուսական գազ Թուրքիա է մատակարարվում ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային գազամուղներով՝ «Երկնագույն հոսքով» (Սև ծով):
Գազպրոմ ընկերության ղեկավարն ավելի վաղ հայտարարել էր, թե ընկերությունն առայժմ կսահմանափակվի երկու հոսքագծերի կառուցմամբ՝ «Թուրքական հոսք» և «Հյուսիսիային հոսք 2», որոնք երկուսն էլ կարող են գազի արտահոսք ապահովել դեպի Հարավարևելյան Եվրոպայի ուղղությամբ:
Ռուսական գազային հսկայի ղեկավարի այս հայտարարությունը վերջերս լարված ռուս-թուրքական հարաբերությունների ֆոնին բոլորովին էլ պատահական չէ: Ռուսական ռազմական ինքնաթիռի՝ Թուրքիայի օդային սահմանը սխալմամբ հատելուց հետո երկու երկրների հարաբերություններն այն աստիճանի են լարվել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անգամ սպառնացել է գազ չգնել Ռուսաստանից, իսկ Աքքույու ատոմային էլեկտրակայանի կառուցումը հանձնել մեկ այլ պետության: