09/10/2015 18:04
Դավիթ Տոնոյանն ու ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահը քննարկել են սահմանային իրավիճակը
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ, դեսպան Պիեռ Անդրիոյին: Այս մասին հայտնում են ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական պետական սահմանին և շփման գծում տիրող իրավիճակը: Դեսպան Անդրիոյի խնդրանքով Դավիթ Տոնոյանը ներկայացրել է անցած շաբաթների ընթացքում շփման գծում լարվածության աճի մանրամասներն ու հրադադարի խախտումների հետևանքները:
Կարևորելով սահմանագոտում իրադրության հետագա լարվածության աճի անթույլատրելիությունը և բանակցային գործընթացում կառուցողականություն ցուցաբերելու անհրաժեշտությունը՝ կողմերը կարծիքներ են փոխանակել նաև փոխվստահության մթնոլորտի ձևավորման և հրադադարի ռեժիմի պահպանման տարբեր հնարավորությունների շուրջ: