09/10/2015 15:19
ԼՂՀ իշխանությունները պատասխանել են հակահայ զեկույցի հեղինակ Ուոլթերին
ԼՂՀ իշխանությունները պատասխանել են հակահայ զեկույցի հեղինակ, ԵԽԽՎ բրիտանացի պատվիրակ Ռոբերտ Ուոլթերին՝ Ղարաբաղ այցելելու թույլտվություն ստանալու դիմումին: ELQ.am-ի տեղեկություններով՝ ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանը պաշտոնապես պատասխանել է Ստեփանակերտ այցելելու՝ ԵԽԽՎ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի նամակ-խնդրանքին։ Պատասխան նամակում մասնավորապես ասված է.
«ԼՂՀ իշխանություններն ի գիտություն են ընդունել ձեր դիմումը՝ այցելելու ԼՂ, որպես ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի զեկուցող։ Այս առումով ինձ հանձնարարել են ձեզ փոխանցել ԼՂՀ իշխանությունների հետևյալ դիրոքորոշումը, որ «ԼՂ-ում և Ադրբեջանի գրավյալ այլ տարածքներում բռնության էսկալացիան» զեկույցի վերնագիրը միակողմանի է և արտացոլում է կոնֆլիկտի միայն մի կողմի՝ Ադրբեջանի դիրոքորոշումը, այդպիսով հստակորեն նախասահմանելով զեկույցի բովանդակությունն ու եզրակացությունները։ Մեր կարծիքով, նման մոտեցումը խախտում է ԵԽԽՎ զեկույցների պատրաստման հիմքը, որը պետք է լինի անկողմնակալությունը և չեզոքությունը, ինչպես նաև՝ խոչընդոտ է ստեղծում ԼՂՀ իշխանությունների հետ համագործակցության համար»:
Ըստ աղբյուրի՝ պատասխան նամակում Կալռեն Ավետիսյանը նաև նշում է, որ Ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման ընդունելի ֆորմատը Մինսկի խումբն է, որը ունի անհրաժեշտ փորձառություն՝ պրոֆեսիոնալ կերպով և բովանդակալից անելու իր գործը՝ ինստիտուցիոնալ հիմքի վրա։
Aysor.am-ին չհաջողվեց ճշտել այս տեղեկությունը, քանի որ ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանը աշխատավայրում չէր: