09/10/2015 12:31
Լ. Զուրաբյան. Այս հանրաքվեն արդեն չի համապատասխանում բարձր միջազգային չափանիշներին
Քարոզչություն անելու, մասնավորապես` Հանրային հեռուստաընկերության 60 րոպեից օգտվելու մասով միայն մի խմբակցություն է, որ հստակ որոշում ունի: «Ոչ»-ի քարոզարշավի հենք կարող է ծառայել ՀԱԿ-ը և մենք պատրաստ ենք օգտագործել մեր ֆորմալ լիազորությունները` «Ոչ»-ի արշավի քարոզչության կազմակերպման առումով: Այս մասին ԱԺ ճեպազրույցներում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նա նշեց, որ սկսելու են քննարկումներ «Ոչ»-ի մյուս ուժերի հետ` միասնական քայլերի համար:
Ինչ վերաբերում է հանրաքվեի անցկացմանը, ապա Լ. Զուրաբյանը վստահ է, որ այս հանրաքվեն արդեն չի համապատասխանում բարձր միջազգային չափանիշներին ու արդեն ակնհայտ է, նրա խոսքով, որ խախտվում են բոլոր նորմերը.
«Որովհետև չի երաշխավորված «ՈՉ»-ի և «Այո»-ի հավասարությունը: Իշխանությունները պատրաստ են դիմել ամենավերջին հակաօրինական քայլերին` Գյումրիի օրինակը դրա ապացույցն է»,- ասաց նա` նշելով, որ ապացույցները բազմաթիվ են և ՀԱԿ-ը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը այդ փաստին:
Ի դեպ, ՀԱԿ խմբակցության ղեկավարը վստահություն հայտնեց, որ Վենետիկի հանձնաժողովի գնահատականը իշխանությունների կողմից աղավաղվում է և թույլ չպետք է տրվի, որ այդ կեղծիքը ներկայացվի հասարակությանը: