09/10/2015 14:57
«Բարիկադի մի կողմում խաղողագործն է, մյուս կողմում՝ գինեգործը»
Խաղողագործն այսօր ունի խաղող, բայց չի կարողանում այն մթերել: Պայմանագիր չունեցող խաղողագործները խնդրի առաջ են կանգնել: Կառավարությունը միջոցներ ձեռնարկում է, բայց այս պահի դրությամբ կան գյուղեր, որտեղ դեռ խաղողի բերք ունենք, իսկ դրա հետագայի հետ կապված հարցերը մշուշոտ են: Այսօր խաղողի մթերման խնդիրների վերաբերյալ հրավիրած քննարկմանը ասաց Հայաստանի «Խաղողագործների միություն» ՀԿ-ի նախագահ Արտակ Սարգսյանը:
Հայաստանի Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանի համոմզմամբ էլ այդ խնդիրն ունի խորքային պատճառ. «Գյուղացին հայտնվել է բարիկադի մի կողմում՝ մեն մենակ, իսկ գինեգործը՝ մյուս կողմում: Տարբեր քաշային կարգեր են, տարբեր իրավական պաշտպանության մեխանիզմներով, արդյունքում մենք տեսնում ենք գյուղացուն մեն-մենակ իր բերքի հետ»:
ՀՀ Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանն էլ իր հերթին նշեց, որ դեռ տարեսկզբին նկատելի էր՝ պատրաստի արտադրանքի իրացման գործում դժվարություններ կլինեն: Նրա խոսքով՝ այսօր դժվարություններ են առաջացել հիմնականում գինու, կոնյակի արտահանման հետ կապված: «8 ամսվա տվյալների ամփոփումից պարզ դարձավ, որ գինու արտահանման ծավալները նվազել են 42 տոկոսով, իսկ կոնյակինը՝ շուրջ 50 տոկոսով»,- ասաց նա՝ շարունակելով, որ մայիսին արդեն պարզ էր, որ խաղողի բերքի ծավալը 25-30 տոկոսով կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշը, հետևաբար այս խնդիրները կանխատեսելի էին:
«Մեծաքանակ բերք էր հավաքվում ու ուղարկվում վերամշակողներին, որտեղ հերթեր էին գոյանում, ու լարվածություն էր ստեղծվում: Բավականին լուրջ միջամտություններ եղան»,- նկատեց պաշտոնյան:
Գ. Պետրոսյանն ընդգծեց նաև, որ վերջին օրերին լարվածությունը պայմանավորված է եղանակային պայմաններով: «Բերքը միանգամից հավաքվեց, մարդիկ մի տեղից մյուս տեղն էին գնում: Այժմ ավելի հանգիստ է»,-ասաց նա:
Պետրոսյանը հորդորեց նաև ավելորդ լարվածություն չառաջացնել: Ինչ վերաբերում է խաղողի մթերմանը, նա հիշեցրեց, որ նախորդ տարիներին խաղողը մթերվել է նույնիսկ մինչև հոկտեմբեր ամսվա վերջը: «Վերամշակողների հետ ձեռք են բերվել լրացուցիչ հստակ պայմանավորվածություններ: Մեր խաղողագործները պետք է համագործակցեն նախարարության, մարզպետարանների ներկայացուցիչների ու համայնքապետերի հետ և փորձեն խաղողը մթերել սահմանված գրաֆիկով: Գյուղատնտեսության նախարարությունը նորից վերահաստատում է իր պատրաստակամությունը, որ անելու է ամեն ինչ՝ ամբողջ բերքը մթերելու համար»,-ասաց նախարարության ներկայացուցիչը: