09/10/2015 15:36
Կառավարության հայտարարած գործիքակազմն այդպես էլ մնաց թղթի վրա. Միքայել Մելքումյան
Այս տարի խաղողի մթերման միջին գինը կազմել է 150 դրամ: Այսօր խաղողի մթերման խնդիրների վերաբերյալ հրավիրած քննարկմանն այս մասին ասաց ՀՀ գյուղնախարարության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ մթերման գնի հետ կապված նախարարությունը որևէ ազդեցություն ունենալ չի կարող, սակայն խելամիտ շահույթ ունենալու համար առաջարկել է մթերման գին սահմանել 150 դրամը:
«Ձեռնարկությունների մեծ մասն այդ գնով մթերեցին, բայց հետո սկսեցին հանձնել ավելի ցածրորակ հումք, որի դիմաց ավելի ցածր գին սահմանվեց: 50, 30 դրամով մթերման դեպքեր մեզ հայտնի չեն, նվազագույն գինը, որը մեզ հայտնի է, դա 90 դրամն է»,-մանրամասնեց Պետրոսյանը:
Անդրադառնալով վերամշակող ընկերություններին աջակցությանը՝ Գ. Պետրոսյանը հստակեցրեց, որ կառավարությանը մի քանի ընկերությունների արդեն աջակցել է, իսկ մյուսներին օգնելու գործընթացն ընթացքի մեջ է:
«Սա մի ամբողջական շղթա է, եթե մի օղակում խաթարում եղավ, ապա ծանր հետևանքները տեսանելի կլինեն»,-հավելեց փոխնախարարը՝ ընդգծելով, որ նախարարությունը երախտապարտ ու շնորհակալ է բոլոր այն ընկերություններին, ովքեր կարողանում են գյուղացու վիճակի մեջ մտնել ու սահմանվածից ավելի շատ մթերում իրականացնել:
Քննարկմանը մասնակից ԱԺ պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանն էլ իր հերթին նկատեց, որ Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցելուց առաջ հայտարարվում էր, որ արտահանման հետ կապվցած խնդիրներ չեն առաջանա և Հայաստանի համար լայն հնարավորություններ են բացվելու. «Բա հիմա էդ բերքը եղել է, բնությունը տվել է, փառք ու պատիվ մեր գյուղացուն, բա հիմա ինչո՞ւ հանկարծ աժիոտաժ առաջացավ: Հարցն ուղղում եմ կառավարությանը, որ այդ հայտարարած գործիքակազմն այդպես էլ մնացել է թղթի վրա»,- հայտարարեց պատգամավորը:
Հայաստանի Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանն էլ իր հերթին նշեց, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել: «Դեռ 100 տարի առաջ գինեգործական երկրները ստեղծում էին կոոպերատիվներ: Յուրաքանչյուր մարզում ստեղծվում էր պետական մեկ գործարան, բաժնետոմսերն ամբողջությամբ պետությանն էին պատկանում, պետությունն առաջին տարում գնում էր խաղողը գյուղացիներից, ցույց էր տալիս, որ կա պետական երաշխավորություն, ապա ակցիաները կամաց-կամաց տալիս էր գյուղացիներին: Այսինքն՝ ստացվում է, որ խաղողի գինը բարձրանում է, գինին էլ՝ թանականում, որի համար գործարանները սկսկեցին ստիպված կոոպերատիվներից գինի գնել, իսկ կոոպերատիվները կայացան: Ուզում եմ ասել, որ ամեն մի մարզում պետք է մեկ կոոպերատիվ գործարան ունենալ, իսկ դա արժե 1.5-2 մլն դոլար: Այսինքն՝ պետությունը, ներդնելով ընդամենը 14 մլն դոլար, ունենում է կոոպերատիվ գործարաններ, որոնք մթերում են ամբողջ խաղողը, իսկ հետո գործարանները նրանց սկսում են խնդրել, որ իրենց խաղող ու գինի տան»,- նշեց Ավագյանը: