09/10/2015 10:06
Փաշինյան. Ռուսամետությունը, եվրոպամետությունը, ամերիկամետությունը պետք է վերացվեն Հայաստանի քաղաքական կուլտուրայից
Ռուսամետությունը, եվրոպամետությունը, ամերիկամետությունը պետք է վերացվեն Հայաստանի քաղաքական կուլտուրայից, որպես մեր ժողովրդի՝ ինքնիշխան պետություն ունենալու կամքը խաթարող լրջագույն գործոն: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանի այն քաղաքական գործիչները, ովքեր մտածում և գործում են որպես Ռուսաստանի, կամ Եվրոպայի, կամ ԱՄՆ-ի «պատրիոտներ» պետք է մերժվեն և դուրս մղվեն ներքաղաքական կյանքից:
Հայկական ինքնիշխանության կամքի կենտրոնի ձևավորումն է մեր պետականության կենսունակության հիմնական երաշխիքը:
Վերը շարադրվածը որևէ կերպ չի կարելի մեկնաբանել Ռուսաստանի կամ Եվրոպայի կամ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացման մերժում: Անմտություն կլինի թերագնահատել այդ երկրների հետ հարաբերությունների կարևորությունը Հայաստանի համար:
Խոսքը այն ուժերի և գործիչների մասին է, ովքեր արտաքին շփումների և ներքաղաքական պայքարի ընթացքում մոռանում են, թե իրենք որ երկրից են»,- գրել է Ն. Փաշինյանը: