09/10/2015 15:10
Էլեկտրոնային հսկողություն՝ այլընտրանքային պատիժ կրող դատապարտյալների համար
Այսօր Երևանում քննարկվել են կալանավորված և դատապատված անձանց այլընտրանքային պատիժ կրելու տարբերակները: Մասնավորապես հսկողության միջոցներից մեկը՝ էլեկտրոնային մոնիտորինգը:
Դատավորների, դատախազության, դատական համակարգի աշխատակիցների ու ՀԿ-ների ներկայացուցիչների համար կազմակերպված սեմինարը ղեկավարում էր Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծման ծրագրի ղեկավար Հայկ Խեմչյանը:
Որպես այլընտրանքային պատժի փորձագետ՝ ներկա էր նաև Մարտին Սոդոն, ով ներկայացրեց միջազգային փորձն՝ ընդգծելով, որ պրոբացիոն ծառայության ներդրումը կարևոր է այն բանով, որ ոչ ծանր հանցագործություն կատարած անձիք ունենում են ուղղվելու, հասարակությունից չկտրվելու հնարավորություն:
«Եթե մարդը ծանր հանցագործություն չի արել՝ սպանություն, ծանր մարմնական վնասվածք հասցնել և այլ, այլ օրինակ փողոցում հափշտակել է բջջային հեռախոս կամ առանց որևէ մեկին վնասելու գողություն է կատարել ինչ-որ մեկի տանից, այս դեպքերի համար ազատազրկումն այնքան էլ խելամիտ չէ ու այլընտրանքային պատիժն ամենահարմարն է»,- ասաց Մարտին Սոդոն:
Ներկայացնելով միջազգային փորձը՝ մասնագետը նշեց, որ ամեն երկիր գտել է իր նախընտրելի տարբերակը: Որոշ տեղերում նման դատապարտյալները կատարում են սոցիալական աշխատանք, մյուսներում՝ օրինակ զբաղվում են քաղաքի մաքրությամբ:
Բացի այդ Մարտին Սոդոն ընդգծեց՝ շատ կարևոր է, որ այս դատապարտյալները պատիժը կրելու ընթացքում հմտանան որևէ արհեստում կամ այլ մասնագիտություն ձեռք բերեն:
Այս ընթացքում նման դատապարտյալների նկատմամբ հսկողությունն իրականացվում է հենց էլեկտրոնային մոնիտորինգի միջոցով:
Սեմինարի բանախոսներից Եվրոպայի խորհրդի Հայաստանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Նաիրա Ավետիսյանն իր ելույթում ընդգծեց, որ Հայաստանի դեպքում այս ծրագրի փորձնական ներդրումը շատ կարևոր է.
«Իրականում այս մոտեցումը բավականին թանկարժեք է ու մենք չենք ուզում մեկ լրացուցիչ բեռ դնել պետության վրա: Այնպես որ կարևոր է նախ փորձնական ներդնել, տեսնել արդյունքները, ինչպես է գործում Հայաստանում, որքանով է դա արդյունավետ և ապա նոր անցնել լայնածավալ ներդրման»,- ասաց Նաիրա Ավետիսյանը: