09/10/2015 17:07
Եթե մարդու մոտ հայտարարվում է ուղեղի մահ, կարող են նրա օրգանները վերցնել. Մասնագետ
ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր հրավիրել էր է «Մարդուն օրգաններ և հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» թեմայով խորհրդարանական լսումներ:
Լսումների ժամանակ հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ փորձի փոխանակման միջոցով փորձում են հասկանալ՝ ի վերջո հնարավո՞ր է Հայաստանում մահացած մարդուց վերցնել օրգաններ և այդ նպատակով հրավիրել են ինչպես եվրոպական, այնպես էլ իրանական մասնագետների, որպեսզի տեսնեն, թե ինչպես են լուծում այս հարցը Եվրոպայում և Իրանում:
«Պետք է հասկանանք, թե ինչպիսի քայլերով և մեխանիզմով պետք է իրականացվի, այստեղ հապաղում ենք և ունենք խնդիրներ»,-ասաց նա:
Բելգիական փորձը ներկայացրեց Անտվերպենի համալսարանական կլինիկայի Նեֆրոլոգիայի և հիպերտենզիայի բաժանմունքի ղեկավար Մարկ դե Բրուն:
Նա մանրամասնեց, որ նախ սկսել են երիկամային փոխպատվաստումից, այնուհետև լրամշակել են մի շարք օրենքներ, որոնք այսօր թույլ են տալիս մարդու մահվանից հետո նրա օրգաններն օգտագործել: «Փոփոխվել է այն համոզմունքը, որ եթե մարդու սիրտը չի աշխատում, նա մահացած է: Բայց հիմա նոր հասկացություն կա՝ ուղեղի մահ, այսինքն, եթե ուղեղը մահացել է, իսկ սիրտը դեռ բաբախում է, նա ևս համարվում է մահացած մարդ: Մեզ անհրաժեշտ էր նաև օրենք, որպեսզի հայտարարվի, որ մահացած ուղեղն արդեն գրանցված մահ է»,- նշեց նա՝ հստակեցնելով, որ այս և նման խնդիրների համար նախևառաջ իրավական կարգավորումներ են պահանջվում, որին հաջորդում են նաև մյուս ռացիոնալ քայլերը:
«Իրավական կարգավորումը կարևոր հարց է: Դրանց շնորհիվ կարողացանք հաստատել, որ եթե հայտարարվել է ուղեղի մահ, կարող են մարդու օրգանը վերցնել: Ցանկացած վախճանված անձ, որը ռեգիստրում գրանցված է, նրանից կարող են օրգաններ վերցնել, և այդ դեպքում ընտանիքի անդամներից թույլտվություն վերցնելու կարիք էլ չկա: Բոլոր բելգիացիները լռելյայն համաձայնություն են տալիս՝ իրենց օրգանները վերցնել համայնքի համար»,-ասաց նա և հավելեց, որ լինում են, սակայն, դեպքեր, երբ լինում են նաև առարկություններ:
«Այսինքն՝ մարդ եթե դեմ է լինում, որպեսզի իրենից հետո իր օրգանները վերցնեն, դիմում է հատուկ համակարգ, որտեղ գրում է, որ համաձայն չէ: Բելգիայում բնակչության մոտ 2%-ը մերժում է այն, իսկ մերժողների թվաքանակը չի աճում և հիմնականում մնում է անփոփոխ: Բելգիայում ամենաշատ թվով օրգաններն են հանձնում, ամեն ինչ ամենքը գիտեն և դրական են այդ գործընթացին տրամադրված: Բնակչությունը բժիշկներին վստահում է և գիտի, որ մենք դա անում ենք, ոչ թե հանուն ինչ-որ շահի, այլ հանուն մարդկանց փրկության»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է կենդանի դոնորներին, ապա նրա խոսքով՝ այստեղ գործում է նվիրաբերելու սկզբունքը: