09/10/2015 10:30
Սարգիս Հովսեփյան. Ճիշտ էր, որ պարտվեցինք
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը Ֆրանսիայի հավաքականի հետ ընկերական հանդիպման վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել: Հիշեցնենք, որ Նիցայի «Ալյանս Ռիվյերա» մարզադաշտում խաղում ֆրանսիացիները 4:0 հաշվով հաղթանակ տոնեցին:
«Փորձում էինք հակագրոհների միջոցով խաղին արագություն հաղորդել, դրա համար Հենրիխ Մխիթարյանն առջևից էր խաղում: Ինչ-որ չափով ստացվում էր, պահեր կային, բայց վարպետությունը չբավարարեց այդ պահերն օգտագործելու համար: Ինձ թվում է` առաջին խաղակեսը ստացվեց. այն ամենը, ինչ ցանկանում էի տեսնել, տեսա: Իհարկե, ամբողջությամբ չստացվեց, քանի որ Ֆրանսիայի նման ուժեղ հավաքականի դեմ էինք խաղում:
Կային թերություններ. դրանում ավելի շատ ոչ թե մեր տղաներն էին մեղավոր, այլ Ֆրանսիայի հավաքականի տղաներն էին մեղավոր, քանի որ որոշ գծերում որակը չափազանց բարձր էր: Մեր տղաները չէին հասցնում, դա նորմալ երևույթ է, քանի որ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստները սովոր են բարձր տեմպով խաղերի, իսկ մենք ունեինք ֆուտբոլիստներ, ովքեր առաջին անգամ էին այսպիսի մրցաշարի մասնակցում և իրենց համար մի փոքր անսովոր էր: Ինձ թվում է` ճիշտ է, որ պարտվեցինք, քանի որ տարբերությունը միանշանակ մեծ էր:
Ֆրանսիայի հավաքականն աժանի էր այս հաղթանակին, և ես շնորհավորում եմ: Եվրոպայի առաջնությունում մաղթում եմ լավ խաղ, հաղթանակներ»,- հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հովսեփյանը: