10/10/2015 15:44
Արցախում մեկնարկում է Էկոգյուղ ծրագիրը
Ծրագիրը ներկայացրել են խորհրդատու կազմակերպությունների՝ շվեյցարական «Gutundgut» ընկերության ներկայացուցիչներ Ռաֆայել Էնզլերն ու Քրիստիան Մյուլլերը և բրիտանական «Tim Flynn Architects» ընկերության ղեկավար Թիմ Ֆլինը: Շնորհանդեսին ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, IDeA հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, IDeA-ի ղեկավար Էդգար Մանուկյանը, բազմաթիվ հյուրեր:
Ծրագրի նպատակը Ասկերանի շրջանում զբոսաշրջության, էկոգյուղատնտեսության զարգացման և կրթական համալիրի ստեղծումն է: Հեղինակավոր մասնագետներն ու փորձագետները կփոխանցեն հյուրընկալության, էկոլոգիական շինարարության ու էկոգյուղատնտեսության ոլորտներում առաջատարն փորձը՝ նպաստելով տեղի մասնագիտական կարողությունների զարգացմանը:
Համալիրն ընդգրկելու է համապատասխան ուսումնական կենտրոններ, զբոսաշրջային ենթակառուցվածքներ, մոդելային էկոֆերմա, էկոարտադրության կազմակերպման հնարավորություններ: Զբոսաշրջային ենթակառուցվածքների լայն համակարգի ստեղծման շնորհիվ՝ էկոգյուղի համալիրը գրավիչ վայր կդառնա զբոսաշրջիկների համար:
Ծրագրի իրագործումը ոչ միայն կնպաստի տարածաշրջանի առանձնահատկությունն ընդգծող և դրանք աշխարհին ճանաչելի դարձնող բրենդի զարգացմանը, այլև տարածաշրջանի համար կստեղծի տնտեսական զարգացման նոր հնարավորություններ:
Ծրագիրն իրականացվելու է IDeA հիմնադրամի կողմից՝ Արցախի իշխանությունների աջակցությամբ:
IDeA հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը ծրագրի մեկնարկի կապակցությամբ շնորհավորել է ներկաներին՝ նշելով, որ այս ծրագիրը քննարկումների երկար փուլ է անցել, և արդեն հստակ պատկերացումներ կան ծրագրի ծավալների ու գաղափարի մասին:
«Մենք շատ երկար քննարկումներ ունեցանք թե Արցախի կառավարության, թե արցախցիների հետ: Կարևոր էր, որ այն չդառնա զուտ արտասահմանյան նախագիծ, երբ մարդիկ այցելում, հանգստանում՝ գնում եմ, այլ իսկապես ընդգրկված լինի արցախյան էկոհամակարգում, լինի Արցախի ընդհանուր նախագիծը: Հիմքում այն գաղափարն է, թե ինչպես պահպանելով անցյալը, մեր յուրահատկությունը՝ առաջ նայենք, և ոչ միայն տնտեսական, այլև կրթական զարգացում կարողանանք ապահովել: Այդ բալանսը դժվար էր գտնել: Մենք հասկացանք, որ պետք է օրինակով ցույց տալ այդ ամենը: Շնորհակալ եմ շվեյցարացի մեր գործընկերներին, ովքեր ընկալեցին այդ ամենակարևոր խնդիրը»,-ընդգծել է նա:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն իր ելույթում կարևորել է ծրագրի նշանակությունը հանրապետության և նրա տնտեսության համար: «Էկոզբոսաշրջության զարգացման յուրահատկությունը կայանում է նրանում, որ այն ուղղակի և անուղղակի կերպով առնչվում է տարբեր ոլորտների հետ: Դա բնության ու պատմամշակութային ժառանգության պահպանումն է, ենթակառուցվածքների և հյուրանոցների ցանցի արդիականացումն ու ընդլայնումը, նոր աշխատատեղերի ստեղծումը, տեղական արտադրության խթանումը, ծառայությունների ոլորտին նոր որակ հաղորդելը, տարբեր երկրների հետ կապերի զարգացումն ու խորացումը, Արցախն արտաքին աշխարհին ճանաչելի դարձնելը և այլն: Բնական է, որ ծրագրի իրականացումն իր դրական ազդեցությունը կունենա մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման վրա»,- նշել է նա:
Բակո Սահակյանը նաև երախագիտություն է հայտնել Ռուբեն Վարդանյանին՝ ընդգծելով, որ նրա մասնակցությունն այս ծրագրին լուրջ նախադրյալներ է ստեղծում այն հաջողությամբ իրականացնելու համար:
Նախնական գնահատականներով՝ նախագծի իրականացման համար կներդրվի շուրջ 20 մլն դոլար: Աշխատանքները կմեկնարկեն այս տարվա ընթացքում: