10/10/2015 15:53
Լևոն Զուրաբյանին կդատե՞ն
Նախօրեին՝ ԱԺ ճեպազրույցների ժամանակ, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը մեղադրել էր Գագիկ Հարությունյանին Վենետիկի հանձնաժողովը կաշառելու մեջ: Նա անգամ ասել էր, թե ունի փաստեր… թեև ավելի ուշ փորձեց լրագրողներին ապացուցել, թե նման բան չի ասել, բայց արդեն ուշ էր` ճեպազրույցի տեսագրությունն արվել էր բոլորի կողմից:
Ինչպես գրում է Elq.am լրատվական-վերլուծական կայքը, ըստ շրջանառվող լուրերի` Լ. Զուրաբյանի հայտարարությունը լրջորեն քննարկվում է իշխանական շրջանակներում և չի բացառվում, որ առաջիկայում իրավապահ մարմինները դիմեն ընդդիմադիր պատգամավորին` պահանջելով ներկայացնել իր արած խիստ աղմկահարույց հայտարարությունն ապացուցող փաստեր։ Եվ եթե վերջինս իրապես կարողանա ապացուցել, որ Գագիկ Հարությունյանը Ջիանի Բուքիքյոյին կաշառել է, դա, իհարկե, միջազգային մակարդակի սկանդալ կլինի, որը, սակայն, քիչ հավանական է։
Հակառակ դեպքում չի բացառվում, որ իշխանությունը որոշի Զուրաբյանի սկանդալային հայտարարության հիման վրա վերջինիս հանդեպ իրավական գործընթաց սկսել։