10/10/2015 11:55
Բ. Սահակյան. Էկոզբոսաշրջության զարգացման համար Արցախն ունի բոլոր անհրաժեշտ նախադրյալները
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայրաքաղաք Ստեփանակերտում մասնակցել է «Արցախի էկոգյուղ» նախագծի մեկնարկին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի
տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Իր խոսքում Բ. Սահակյանը կարևորել է այս ծրագրի նշանակությունը մեր հանրապետության և նրա տնտեսության համար՝ հավելելով, որ էկոզբոսաշրջության զարգացման համար Արցախն ունի բոլոր անհրաժեշտ նախադրյալները՝ կուսական բնություն, չաղտոտված շրջակա միջավայր, հարուստ պատմամշակութային ժառանգություն, հյուրընկալ ժողովուրդ, հասարակական անվտանգության բարձր մակարդակ:
Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել ազգային բարերար Ռուբեն Վարդանյանին, ով հանդիսանում է «Արցախի էկոգյուղ» նախագծի գլխավոր հեղինակը, ընդգծելով, որ նրա մասնակցությունն այս ծրագրին լուրջ նախադրյալներ է ստեղծում այն հաջողությամբ իրականացնելու համար:
Միջոցառմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, հյուրեր արտերկրից և Հայաստանից, պաշտոնատար այլ անձինք: