10/10/2015 16:29
Ֆրանսիան զիջում է դիրքերը. Գինու արտադրության համաշխարհային շուկան ունի նոր առաջատար
Բնական թնդությամբ 9-16 % ալկոհոլ պարունակող հնագույն ըմպելիքը` գինին, գաղտնիք չէ, որ մեծ պահանաջարկ ունի համաշխարհային շուկայում: Մենք` հայերս, հաճախ ենք հպարտանում տեղական գինիներով ու հույս հայտնում, որ հայկական գինին կարող է գրավել մի շարք արտասահմանյան շուկաներ: Ի՞նչ քանակի հայկական գինի է տարեկան արտահանվում, ո՞ր շուկաներում է այն սպառվում, կխոսենք մի ուրիշ անգամ: Այս գրառման շրաջանակներում կփորձենք անդրադառնալ գինու արտադրության միջազգային շուկայում տեղի ունեցող կարևոր փոփոխությունների:
Euronews-ի փոխանցմամբ Իտալիան դարձել է աշխարհում առաջատար գինու արտադրման ծավալներով` շրջանցելով մեկ այլ «գինեգործ» պետության` Ֆրանսիային: Ապենինյան թերակզում ստեղծված բարենպաստ եղանակային պայմանները Իտալիային խաղողի հաջող բերք են պարգևել: Փաստացի, գինու արտադրման ծավալներն Իտալիայում 13%-ով ավելացել են, իսկ Ֆրասիայում արևային, չոր եղանակի արդյունքում` նվազել մոտ 1%-ով: Չնայած սրան` շատ մասնագետներ պնդում են, որ այս տարի Ֆրանսիական գինին բարելավել է որակային հատկանիշները խաղողի բերքի ճիշտ խնամքի շնորհիվ:
Եթե խոսենք կոնկրետ թվերով, ապա այս տարի Իտալիայում արտադրվել է 49 մլն հեկտոլիտր գինի, Ֆրանսիայում` ավելի քան 46 մլն: Այս ցուցանիշով երրորդն Իսպանիան է, վերջինիս հաջորդում են Գերմանիան ու Պորտուգալիան: Եվրոմիության երկրներին բաժին է ընկնում աշխարհի գինու արտադրության 60%-ը, ընդ որում, առաջին եռյակը` Իտալիան, Ֆրանսիան ու Իսպանիան, արատադրում են համաշխարհային ցուցանիշի գրեթե 50%-ը: Անցյալ տարի ամբողջ աշխարհում արտադրվել է 279 մլն հեկտոլիտր կամ 28 միլիարդ լիտր գինի: Հետաքրքրության համար նշենք, որ 2014-ին ՀՀ-ում արտադրվել է 6.1 մլն լիտր գինի:
Ինչևէ, գինու արտադրության համաշխարհային շուկան ունի նոր առաջատար: Չնայած ալկոհոլի հայտնի բացասական ազդեցությանը` բժիշկներն ասում են` գինու չափավոր օգտագործումը նվազեցնում է սրտամկանի կաթվածի, ուղեղի արյան զեղման, ուռուցքային հիվանդությունների առաջացման հավանականության վտանգը: Հուսանք` տարեկան միլիարդավոր լիտրերով արտադրվող ալկոհոլային այս ըմպլեիքն ավելի շատ կունենա դրական հետևանքներ: