10/10/2015 13:00
Հայաստանը պետք է զգուշությամբ վերաբերվի Արևմուտքի ներկայությանը մեր սահմաններին. Լարիսա Ալավերդյան
Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը պետք է դիտարկել աշխարհի խոշոր խաղացողների ֆոնի ներքո: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման համոզմունք հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Նա նշեց, որ այսօր էլ կարող ենք փաստել, որ տարածաշրջանում իրավիճակը փոխվել է, իսկ այդպիսի իրավիճակներում Հայաստանը պետք է ընտրի իր համար ավելի նպատակահարմար տարբերակ և կարևոր որոշումներ կայացնի:
Անդրադառնալով ԱՄՆ կոնգրեսականների առաջարկին՝ Լ. Ալավեդյանը շեշտեց, որ այս լարված իրավիճակում ԱՄՆ-ը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ եթե Ռուսաստանը մտնում է այն դաշտ, որն իբր պատկանում է Արևմուտքին՝ ԱՄՆ լիդերությամբ, ապա այնտեղ Ռուսաստանն անելիք չունի: «Այնտեղ, որտեղ ՌԴ-ն չի կարողանում միանշանակ իրեն դրսևորել, ինչպիսն ԼՂՀ հարցն է, ԱՄՆ-ն է ակտիվություն ցուցաբերում: Այո, այստեղ կան խոշոր խաղացողներ: Մենք պետք է որսանք կամ հասունացնենք պահերը և քաղենք այն օգուտները, որոնք օգուտ են տարածաշրջանում բոլոր ժողովուրդների համար: Պատմությունը ցույց է տվել, որ հայերը բարգավաճում են, երբ խաղաղություն է լինում ու կան ազգեր, որոնք ավարի շնորհիվ են հզորանում, իսկ մեր նպատակը համապատասխանում է առաջադեմ մարդկության շահերին՝ խաղաղություն, բարեկեցություն, համագործակցություն»,- նշեց փորձագետը:
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ ՄԽ-ին, ապա տիկին Ալավերդյանի համոզմամբ, այս տարիների ընթացքում Մինսկի խումբը ոչ մի բան չի կարողացել անել և մշակել հստակ մեխանիզմներ, ըստ որի՝ հնարավոր լինի տարածաշրջանում խաղաղություն հաստատել: «Չի կարողացել անգամ մշակել այն մեխանիզմները, որոնք պետք է առաջնային լինեն շփման գծում: Հարց է առաջանում. ինչո՞ւ ՄԽ չի հստակեցնում, թե որ կողմն է սկսել կրակելը»,- նշեց նա:
Լ. Ալավերդյանի խոսքով՝ այս ընթացքում հայկական կողմը երեք առաջարկություն է ներկայացրել, որոնցից և ոչ մեկը կյանքի չի կոչվել. «Շփման գծից հեռացնել դիպուկահարներին, սահմանի գծով տեղադրել լոկատորներ, որը թույլ կտա ֆիքսել՝ ով է առաջինը զինդադարի ռեժիմի խախտել և ավելացնել դիտորդական առաքելություն կատարող խումբ, որը թույլ կտա փոխել սահմանային դիտարկումների մեթոդաբանությունները»,- մանրամասնեց բանախոսը՝ հավելելով, որ այս տարիների ընթացքում իրականացրած դիտարկումները իրականում ծիծաղելի են թվում, քանի որ առկա միջոցներով իրականացրած դիտարկումները ընդամենն ավելացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպերշիկի դիվանագիտական քաշը:
Լ. Ալավերդյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է զգուշությամբ վերաբերվի Արևմուտքի ներկայությանը մեր սահմաններին: «Մադրիդյան սկզբունքների մեջ նշված են խաղաղապահ ուժերի մասին, որոնք պետք է տեղակայվեն մեր սահմաններին. Ես կողմնակից եմ ստատուս քվոյի պահպանմանը, որովհետև դեռ երկու կողմերն էլ անհաշտ են և հնարավոր չէ նրանց միմյանց հետ հաշտեցնել, իսկ ստատուս քվոն առավել անվտանգ է երկու ժողովուրդների համար էլ, սակայն այն պետք է պահպանվի ավելի հստակ մեխանիզմներով»,- եզրափակեց նա: