10/10/2015 09:53
Ծառուկյանին պատկանող առևտրի կենտրոնը փակվել է
Հայ-բելառուսական «ԱրԲե» առևտրի կենտրոնի Պարոնյան փողոցի մասնաճյուղը փակվել է: Էլիտար շենքի առաջին հարկում գտնվող տարածքի սեփականատերերը այժմ նոր վարձակալներ են փնտրում: Սա Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» բիզնեսն է՝ բելառուսական «ԲելԳոսՊիշչեպրոմ» կոնցեռնի հետ համատեղ: Այս մասին գրել է «Հայկական ժամանակը»:
Հայ-բելառուսական առևտրի կենտրոնը Գագիկ Ծառուկյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի անձնական և բիզնես կապերի արդյունքում է ստեղծվել: Իսկ Պարոնյան մասնաճյուղը բացվել է 2013 թվականի մայիս ամսին, Բելառուսի նախագահի՝ Հայաստան կատարած այցի օրերին: Հիշեցնենք, որ Լուկաշենկոն ժամանել էր հատուկ իր ընկեր Գագիկ Ծառուկյանի միջոցներով Աբովյանում կառուցված եկեղեցու բացման արարողությանը:
«ԱրԲե»-ից որևէ մեկը չի մեկնաբանել Պարոնյան մասնաճյուղի փակման պատճառները: Նշենք նաև, որ այս առևտրի կենտրոնը ևս հինգ մասնաճյուղ ունի Երևանում, որոնցից երեքը անվադողերի և այլ պարագաների մասնագիտացված խանութ-սրահներ են: