10/10/2015 15:25
Ոստիկանապետը հանձնարարել է հանրաքվեի մասնակիցների ցուցակները ստուգել, ճշգրտել և հաշվառել
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այսօր անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին ոստիկանության մի շարք ծառայությունների և տարածքային ստորաբաժանումների պատասխանատուներ:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ խորհրդակցության ընթացքում կազմակերպչական և ծառայողական խնդիրների թվում քննարկվել են նաև սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին նախապատրաստվելու հարցեր:
Անձնագրային և վիզաների վարչությանը, անձնագրային տարածքային ստորաբաժանումներին, ոստիկանության տարածքային բաժիններին, մասնավորապես՝ համայնքային ոստիկանության ստորաբաժանումներին, հանձնարարվել է սկսել հանրաքվեի մասնակիցների ցուցակների ստուգման և ճշգրտման, հաշվառման տվյալների իսկության և համապատասխանության ստուգման, ցուցակներից մահացածների տվյալների դուրսբերման աշխատանքները:
Վլադիմիր Գասպարյանը կարգադրել է սեղմ ժամկետում հաշվետվություններ ներկայացնել հայտնաբերված անճշտությունների և դրանց վերացմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ:
Խորհրդակցության ընթացքում տրվել են նաև այլ հանձնարարականներ ու ցուցումներ: