10/10/2015 16:50
Սահմանամերձ համայնքների արտոնություններն ընդլայնվում են
Նախօրեին գործադիրը հավանություն տվեց «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լարցումներ կատարելու մասին օրենքի նախագծին:
Առաջարկվող փոփոխության համաձայն՝ օրենքով սահմանված արտոնությունները կսահմանվեն նաև սահմանամերձ քաղաքային համայնքների վրա, ընդլայնվում է սահմանամերձ համայնքներում տնտեսական գործունեություն ծավալող սուբյեկտների շրջանակը:
Խնդիրը նրանում է, որ սահմանամերձ գյուղական համայնքներում ենթակառուցվածքները պատշաճ մակարդակի վրա չեն գտնվում և չեն համապատասխանում միջազգային ստանդարտներին, ինչը բարդացնում է լոգիստիկան, մասնավորապես հումքի մատակարարման, արտադրանքի իրացման և արտահանման նպատակով բեռնափոխադրումները: Սույն օրենքի տրամաբանությունից ելնելով օրենքով սահմանված արտոնություններից կարող են օգտվել միայն սահմանամերձ գյուղական համայնքները, սակայն սահմանամերձ գյուղական համայնքներում արտադրական գործունեության որոշակի մասի իրականացման անհնարինության պարագայում այդ գործունեությունն իրականացվում է սահմանամերձ քաղաքային համայնքներում: Տվյալ պարագայում սահմանամերձ քաղաքային և գյուղական համայնքում իրականացվող գործունեությունը դառնում է մեկ ընդհանուր արտադրական գործընթաց, ուստի տարանջատել թե արտադրական գործընթացի որ մասն է իրականացվում գյուղական համայնքում և այդ հատվածի համար սահմանել արտոնությունները՝ գործադիրը նպատակահարմար չի գտնում:
Միաժամանակ գործող օրենքով հստակ տարանջատված չեն առևտրային և արտադրական գործունեության ԱԱՀ-ի մասով տրամադրվող արտոնությունները: Այդ իսկ պատճառով նախագծով հնարավորություն է ընձեռվել տարանջատել սահմանամերձ համայնքներում արտադրական և առևտրային գործունեություն ծավալող ընկերություններին տրամադրվող արտոնությունները: Մասնավորապես` առաջարկվում է օրենքը լրամշակել նոր դրույթով, որը թույլ է կտա հրաժարվել սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեության արդյունքում օտարման գործարքներն ավելացված արժեքի հարկից ազատելու արտոնության կիրառումից, ինչն էլ ենթադրում է փոխադրում ԱԱՀ դաշտ: Դա հնարավորություն կտա օգտվել ավելացված արժեքի հարկի համար սահմանված արտոնությունից, որը ապրանքների ներմուծման մասով հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը մեկից երեք տարով հետաձգելու հնարավորություն է ընձեռում:
Օրենքը գործում է այս տարվա հունվարի 1-ից, հետևաբար ի հայտ եկած խնդրի վերանայումը, մասնավորապես՝ վերոնշյալ արտոնության սահմանումն առավել նպաստավոր պայմաններ կստեղծի տնտեսվարող սուբյեկտների համար սահմանամերձ համայնքներում գործունեություն ծավալելու համար:
Նշեմ, որ Ֆինանսների նախարարությունը մտահոգություն է հայտնել առ այն, որ նախագծի ընդունումը կարող է նախադեպ հանդիսանալ վերոնշյալ օրենքով նախատեսված հարկային արտոնությունների ընդգրկման շրջանակներն ընդլայնելու համար, ինչը բացասաբար է անդրադառնալու ինչպես պետական բյուջեի եկամուտների հավաքագրելիության, այնպես էլ հարկ վճարողների հարկային կարգապահության ընդհանուր մակարդակի վրա:
Իհարկե, բյուջեի եկամուտների հավաքագրման մասով բացասական ազդեցություն կլինի, բայց այնուամենայնիվ հուսադրող է, որ կշեռքի նժարների վրա դնելով փաստարկները կառավարությունը առաջնային է համարել սահմանամերձ համայնքներում տնտեսական գործունեության ակտիվացումն ու խթանումը: