10/10/2015 10:54
Հայաստանը խիզախության, ինչպես նաև հաղթանակի խորհրդանիշն է. Միկայել Ժան
Տեղեր կան, որոնք հարուստ են խորհրդանիշներով, որտեղ պահպանվում է հիշողությունը: Հայաստանն այդ տեղերից մեկն է, բայց Հայաստանը նաև խիզախության, ինչպես նաև հաղթանակի խորհրդանիշն է, որի ժողովուրդը կարողացել է վերածնվել: Այսօր Ֆրանկոֆոնիայի արտգործնախարարների համաժողովի 31-րդ նստաշրջանի բացմանն այս մասին հայտարարեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանը:
Վերջինս իր խոսքում նախ շնորհակալություն հայտնեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին և հայ ժողովրդին՝ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում Հայաստանի ներդրած ավանդի համար և ևս մեկ անգամ ընդգծեց, որ Ֆրանկոֆոնիան պետք է նպաստի նոր ուղիներ գտնելուն նոր մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ:
«Իր մշակութային բազմազանությամբ, տարածքային ընդգրկմամբ ֆրանկոֆոնիան վճռականորեն գտնվում է միջազգային հարցերի լուծման կենտրոնում: Մենք պետք է ընդառաջ գնանք նոր գործընկերներին և ամրապնդենք մեր տեղը որպես ՄԱԿ-ի և տարբեր տարածաշրջանային կազմակերպությունների կարևոր գործընկեր»,- հայտարարեց նա` հավելելով, որ ֆրանկոֆոնիայից ակնկալվում է շարունակական աշխատանք:
«Մենք պետք է շարունակենք համախմբված և շարժուն մնալ, որպեսզի մի քանի շաբաթ անց Փարիզում միասնական ծրագիր ներկայացնենք կլիմայական փոփոխությունների վերաբերյալ: Այլևս գոյություն չունեն տեղական ողբերգություններ, մարտահրավերներ: Մեր դերը կայանում է նրանում, որ պետք է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրենք բոլոր ողբերգությունների վրա և դրանց ուղղված մարտահրավերների մասին տեղյակ պահենք»,- նշեց կազմակերպության գլխվոր քարտուղարը: