11/10/2015 13:09
Հայաստանը կարևորում է աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացումը. Նալբանդյան
Հոկտեմբերի 11-ին արտաքին գործերին նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց իր գործընկեր, Բուրկինա Ֆասոյի արտաքին գործերի և տարածաշրջանային համագործակցության նախարար Բեդիալիզուն Մուսա Նեբյեին:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացումը և ակտիվացնելու է քայլերն այդ ուղղությամբ։ Նախարարը ջերմությամբ վերհիշեց իր մասնակցությունը 2006թ. Ֆրանկոֆոնիայի Ուագադուգույի գագաթաժողովին։
Բուրկինա Ֆասոյի արտգործնախարարը շնորհակալություն հայտնեց նախարարական համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար և ընգծեց, որ այցելելով Հայաստան նաև նպատակ ունի պայմանավորվածոթյուն ձեռք բերել երկկողմ հարաբերությունների զարգացման շուրջ։
Հանդիպմանը նախարարները անդրադարձան քաղաքական, տնտեսական և մշակութային բնագավառներում փոխգործակցության զարգացման հնարավորություններին։ Այս առումով կարևորվեց համապատասխան իրավապայմանագարային դաշտի ձևավորումը։
Էդվարդ Նալբանդյանը զրուցակցին ներկայացրեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհուրդը և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ Հայաստանի նախաձեռնություններն ու ջանքերը։