11/10/2015 14:50
Մենք պետք է վառ պահենք հիշողությունը և գրառենք այն պատմության մեջ, որպեսզի այլևս երբեք կյանքի չկոչվեն նմանատիպ սարսափելի իրադարձություններ. Քուիյար
Այսօր Հայոց ցեղասպանության հուշահամալիր են այցելել Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին մասնակցելու համար Երևան եկած պատվիրակությունները ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայելլ Ժանի հետ: Աjս մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:
Պատվիրակության ղեկավարներն ու անդամները անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Ֆրանկոֆոնիայի 31-րդ նստաշրջանին մասնակցելու համար Հայաստան են եկել հինգ մայրցամաք ներկայացնող ութսուն երկրների պատվիրակություններ, այդ թվում՝ կազմակերպության անդամ երկրների՝ քսանից ավելի արտգործնախարարներ:
Այցի ընթացքում Քվեբեկի Միջազգային զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով նախարար Քրիստին Սան Պիեռը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին է փոխանցել Հայոց ցեղասպանությանը վերաբերող՝ Քվեբեկի ազգային ժողովի բանաձևի և վարչապետ Ֆիլիպ Քուիյարի հաղորդագրության բնօրինակները:
Վարչապետի հաղորդագրությունում Ֆիլիպ Քուիյարը հայտնում է, որ 2015-ի ապրիլի 24-ին նրա առաջադրած օրինագիծը՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակը իբրև ժամանակակից պատմության մի դժբախտ ու ցավալի դրվագ հիշատակելու մասին, միահամուռ ընդունվել է ի նշան հայկական ծագում ունեցող 25 հազար համաքաղաքացիների հետ համերաշխության: «Հանդիսանալով մարդկային պատմության ցավագին էջերից մեկը՝ այս ցեղասպանությունը իսկական դաս է ներկա և ապագա սերունդներին: Մենք պետք է վառ պահենք հիշողությունը և գրառենք այն պատմության մեջ, որպեսզի այլևս երբեք կյանքի չկոչվեն նմանատիպ սարսափելի իրադարձություններ», - ասված է Ֆիլիպ Քուիյարի հաղորդագրությունում: