11/10/2015 15:10
Մեկնարկեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովը
«Շատ կարևոր է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կողմից ընդունվեցին այն բոլոր նախագծերը, որոնք մենք մշակել էինք այդ ուղղությամբ և ներկայացրել այս համաժողովում: Համաժողովի ընթացքում ընդունված բանաձերից մեկը միտված է ցեղասպանությունների կանխարգելմանը, կոչ է ուղղված ամբողջ աշխարհին՝ այլևս երբեք թույլ չտալ նոր հանցագործություններ, ցեղասպանություններ»,- Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի 31-րդ նստաշրջանի արդյունքների ամփոփիչ ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նախարարը ևս մեկ անգամ կարևորեց այն փաստը, որ համաժողովին ներկա բոլոր պետությունները պաշտպանեցին Հայաստանի ներկայացրած բանաձևը:
Ըստ նախարարի՝ Երևանում կայացած համաժողովի ընթացքում տեղի են ունեցել բովանդակալից, արգասաբեր քննարկումներ: Է. Նալբանդյանի խոսքով, համաժողովը ցույց տվեց, որ կազմակերպության անդամ պետությունները, կառավարությունները հանուն համերաշխության կարող են համախմբվել:
Հիշեցնենք, որ Երևանում հոկտեմբերի 10-11-ին տեղի է ունենում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի 31-րդ նստաշրջանը: