11/10/2015 16:00
Հայաստանի դերը բացառիկ է Ֆրանկոֆոնիայի ընտանիքում. Միկայել Ժանն
«Հայոց ցեղասպանության հուշահամալիրը հիշողության վայր է, բոլորս հիշեցնում է այն ցավի, տառապանքի մասին, որ ապրել է հայ ժողովուրդը: Այդ հուշահամալիրը նաև խորհրդանշում է հայ ժողովի վերածնունդը, միավորված լինելը, այն ուժն ու եռանդը, որ այս ժողովրդին տանում է դեպի ապագա: Մենք միանում ենք այն ուժին, որ ճառագում է այստեղ: Հայաստանի դերը բացառիկ է Ֆրանկոֆոնիայի ընտանիքում»,- այս մասին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի 31-րդ նստաշրջանի ամփոփիչ ասուլիսի ընթացքում այս մասին ասաց կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանը:
Ըստ նրա՝ Հայաստանում հավաքված 80 պետությունների ներկայացուցիչները միայն երախտագիտությամբ են խոսում Հայաստանի մասին:
«Ամբողջ պատվիրակության անունից շնորհակալություն եմ հայտնում Հայաստանին ջերմ ընդունելության և համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Շատ կարևոր է, որ ամեն ինչ սկսվում է ժամանակին և ավարտվում ժամանակին: Այստեղ այդպես էր: Հույս ունենք, որ հաջորդ համաժողովներն էլ այսկերպ կազմակերպված կլինեն»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Երևանում հոկտեմբերի 10-11-ին տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի 31-րդ նստաշրջանը: Նշենք նաև, որ նախագահությունը Սենեգալից փոխանցվեց Մադագասկարին: